Չորեքշաբթի, 10 Հունիսի, 2026
Մի կտոր Վայոց ձորՄիջոցառումներ

ԱՌԵՂԾՎԱԾ

#Գրքիշնորհանդես

Գիրք, որ ծնվել է հոգուց. Վարսիկ Հովհաննիսյանի «Առեղծված» գրքի շնորհանդեսը Վայոց ձորի մարզային գրադարանում։

«Ես եկել եմ գովերգելու,

Արդար ուժը տիեզերքի,

Եվ ապրում եմ Աստծո կամքով,

Մինչև վերջին հույսս մարի…»

Վարսիկ Հովհաննիսյան

Այս տողերով գրական ասպարեզ է մուտք գործում ուսուցչուհի, բանաստեղծուհի Վարսիկ Հովհաննիսյանը՝ իր առաջին գրքով՝ «Առեղծված» բանաստեղծությունների ժողովածուով։

Վայոց ձորի մարզային գրադարանը ջերմորեն հյուրընկալեց գրքի հեղինակին՝ կազմակերպելով երիտասարդ բանաստեղծուհու անդրանիկ գրքի շնորհանդեսը։

Միջոցառումն ազդարարվեց գրադարանի տնօրեն Ա. Ավագյանի բացման խոսքով, ով մեծ սիրով ներկայացրեց շնորհաշատ ստեղծագործողին։

«Առեղծված»-ը գեղարվեստական նուրբ շարադրանքով բացում է բանաստեղծուհու հույզերի ու մտորումների ներաշխարհը։ Գրքի զգացմունքային պատկերները յուրահատուկ կերպով փոխանցեցին գրադարանավարները՝ իրենց հուզիչ ընթերցումներով։

Երեկոն հարստացավ նաև երաժշտական անակնկալով։ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն Մ. Սիմոնյանը իր սան Շամամեի հետ ներկայացրեց բանաստեղծուհու բանաստեղծության հիման վրա գրված երգը՝ զարմացնելով ու հուզելով ներկաներին։

Միջոցառման ընթացքում հնչեցին գրքին և հեղինակին նվիրված բազմաթիվ կարծիքներ, հարցեր, որոնց բանաստեղծուհին պատասխանեց մեծ սիրով ու բաց սրտով։

Դահլիճում իշխում էր ջերմությունն ու անմիջականությունը, իսկ Վարսիկ Հովհաննիսյանի յուրաքանչյուր տող գտավ իր ճանապարհը դեպի մարդկանց սրտերը՝ թողնելով անկեղծ հուզմունք ու ներշնչանք:

#միկտորՎայոցձոր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով