Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
Հիշենք մեր մեծերինՄեջբերումներ գրքերից

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ-73

Այսօր Գուրգեն Խանջյանի ծննդյան 73-ամյակն է։

Աշխարհն աստիճանաբար հանձնվում է Մեծն արտադրողին, ամեն իսկապես արժեքավոր բան մանրացվում, ծնկի է բերվում նրա առաջ: Մեծն արտադրողին պետք չէ իրեն և աշխարհն իսկապես ու խորությամբ ճանաչել-հասկանալ ցանկացող, ինքն իրեն իսկապես ու խորությամբ փնտրել-գտնել ցանկացող մարդը, անհատականությունը, նրան պետք է ենթարկվող, ուղղորդելի սպառող։ Մեծն արտադրողը սպառող է բուծում: Եվ բուծելու ընթացքում նա անդադար կրկնում է` դու ազա՛տ ես, դու դո՛ւ ես, դո՛ւ ես տերը քո կյանքի։ Նա փաթաթում է քեզ լարերով, շրջապատում տեսախցիկներով, խայտաբղետ էկրաններով, աշխույժ տոտալ քարոզչությամբ, ստեղներ է մտցնում մատներիդ տակ, ձայներ խցկում ականջներդ, գույներ լցնում աչքերդ, մտքեր խցկում ուղեղդ, ինքնությունդ փոխարինում տարաբնույթ պլաստիկներով, թղթերով-թվերով ու միևնույն ժամանակ երեսպաշտորեն պնդում` դու ազա՛տ ես, դու դո՛ւ ես: Ազատություն` վերահսկելի, ուղղորդելի տարածքի ներսում, խամաճիկի ազատություն: Բնականաբար, Մեծն արտադրողի համար իսկական արվեստը, իսկական գրականությունը ախոյան են, վտանգավոր հակառակորդ, որ խանգարում են բուծման սահուն ընթացքին, կարող են շեղել բուծվող նյութի ուշադրությունը, պոկել-տանել, ուստի Մեծն արտադրողի խնդիրն է` հնարավորինս նսեմացնել նրանց նշանակությունը, վարկաբեկել, ծաղրել նույնիսկ, փոխարենը` ահա քեզ զվարճանքներ, փոփ-մշակույթ, թեթև, պարզունակ, անճիգ, մատչելի, սպառիր սրտիդ ուզածի չափով, ահա քեզ պես խամաճիկների հետ շփվելու անսպառ հնարավորություն, զբաղեցրու քեզ, սահիր մակերեսով: Մեծն արտադրողին մեծ շուկա է պետք, մեկ մոլորակի չափով, ուր կճեմի բուծված, համահարթեցված, ապուշացած, իր աստվածներից ու իր արմատներից, իր լեզվից ու ավանդույթներից, ինքն իրենից ու նույնիսկ իր բնատուր սեռից օտարված արարածը` Մեծն սպառողը:

Սակայն իսկական արվեստը, իսկական գրականությունը, փառք Աստծու, վերջնականապե՛ս չեն ծնկի իջեցված, չեն հանձնվում, նրանք դեռևս ունակ են ասելու` ուշքի՛ արի, մա՛րդ, թույլ մի՛ տուր հիմարացնեն քեզ, կուլ մի՛ գնա, դու ավելին ես, քան քեզ պարտադրվող դերը, գտի՛ր քեզ, աշխարհը տես սեփակա՛ն աչքով, լսիր սեփակա՛ն ականջով, շոշափիր սեփակա՛ն մատներով, մտածիր սեփակա՛ն ուղեղով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով