ԵՍ ՈՒ ԻՄ ԱՇՈՒՆԸ

(Աշնանային մանրանկար)
Հեղինակ՝ Սոֆյա Սարգսյան
Ես ու իմ աշունը։ Մտերիմներ ենք՝ ես ու իմ բոցուկրակ հիացքը։ Աշունը կարմրել, ծիրանի է հագել ու հմայք է սփռում։ Հմայքն այդ դեղին է, բալագույն, խաժակն։ Աշնան թրթիռ է օդում թևածում։ Տարին ծերանում է, ու անզոր են նրա ջանքերը՝ ժամանակի վարգը կասեցնելու։ Սար ու ձոր շիկնել են, սար ու ձոր արև են հագել, արևահյութ ըմպել ու ըմբոշխնել աշնան բոցուկրակ համբույրը։ Իսկ ծառերը թախծում են։ Նրանց գուրգուրում է անամոթ քամին, նրանք կարկամել են խենթ հպումներից ու առավել քնքշացել։ Ծանրաբեռ է մասրենին ալվան։ Քամին մի անամոթ համբույր պարգևեց։ Ամոթից կարմրած՝ մասրե արցունքները հուլունք-հուլունք շաղ եկան տերևագորգ գետնին։ Չնայած քամու փեշը ծվատվեց, բայց և կարմրահամ համբույրը դյութի՜չ էր այնքան։ Շեկ ու խենթ աշուն է՝ բոսոր ու դարչինի քրքիջով։ Արև է ու տաք է, ու խենթացնող աշուն է։ Երազի բույր կա արևածուփ հեռվում, կա նաև թախծի մեղմօրոր հպումը։ Արև ըմպել ես ուզում, ուզում ես գրկել գույներն այն բոլոր, որով աշունը հոգի է ներկում, հիացք քանդակում։ Ու դու ուզում ես խրվել ու մնալ այդ խայտաճամուկ հեքիաթի գրկում։
Ես և իմ բոսոր աշունը՝ տաք, հարազատ ու ջերմ։ Ու քամու բույր կա բյուր թույրերում խենթ։ Ու գգվանք կա թաքուն՝ մի քիչ գիժ ու մի քիչ խելոք։
… Մի քիչ տաք ու մի քիչ սառը քամի փչեց։ Եվ աշնան գույները մի քիչ մրսեցին։ Մի քիչ դողացին, մի քիչ պաղեցին ու երերացին։ Երազներս հուլունք-հուլունք շաղ եկան դեղնաբոսոր տերևագորգերում…
Աշնան գույները գողացած՝ քամին պատեպատ զարնվեց ու մրսող լուսամուտների գոգերին տերևահյուս արև ծեփեց։ Արևն այդ մրսած արտասվում էր մեղմ, ինչու՞, ո՞վ թովեց։ Աշուն էր, ու տերևներն էլ աշուն էին ապրում, ու խռովքից դեղնել էին, գունատվել, վհատվել։
Աշուն էր, արև։ Այդ ե՞րբ էր, փոխվեց ու դարձավ՝ աշուն է, անձրև։ Ու իր հետ տխրություն բերեց, մի տեսակ թաց ու մրսեցնող թախիծ։ Ու խայտաճամուկ հիացքը խամրեց, դարձավ տամուկ-անձրևոտ։ Ու անունս դարձավ ալեհեր ու լացկան։ Ես ու իմ լացկան աշունը…
Աղբյուրը՝ «Եղե՞լ է, թե՞ չի եղել» ընտրանի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով