Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԵՎ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿԳԱ ՄԻ ՕՐ ՀԱՅԸ ԿԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՑ ՀԶՈՐ

Հայաստա՛ն աշխարհ, շնորհավո՛ր տոնդ, երազանքների իմ երկիր։ Դու հավերժ ես, ամենուր ես՝ մեր սրտերում, հոգիներում։

Որքան էլ դժվարին լինեն ժամանակները, քո հզոր, անկասելի սլացքով կնվաճես երկինքները ժամանակի, բարձունքները՝ վեհ ու անբասիր։ Վերընձյուղվի՛ր, ի՛մ ազգ, քո հրաշալի էությամբ զարդարի՛ր հազարավոր բեռների ծանրության տակ կքած մեր մոլորակը։

Հա՛յ մարդ, քո հոգու կայծերով կարող ես վերստին կյանք տալ մարդկային կորսված արժեքները, վերականգնել աշխարհի խիղճը, նորոգել մարդ-էակի մարող էությունը։

Վայոց ձորի մարզային գրադարանում այսօր տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության տոնին նվիրված «Եվ հավատում եմ, որ կգա մի օր՝ հայը կլինի բոլորից հզոր» խորագիրը կրող միջոցառում, որի մասնակիցներն էին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Կ. Մովսիսյան։

Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, Եղեգնաձորի ոստիկանության բաժնի պետ Հրազդան Կոստանյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության շտաբի պետ Արսեն Խաչատրյանը, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը, Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ նշելով, որ մեր ժողովրդի միասնականության և անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ և ինքնիշխան պետականություն ունենալու հայոց դարավոր իղձը:

Հայաստա՛ն աշխարհ, շնորհավո՛ր լինի քո վերածնունդը, որ վաղն է գալու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով