ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Վայոց ձորի մարզային գրադարանը հյուրընկալեց Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանին, ով պաշտոնական այցով գտնվում էր Վայոց ձորում։
Հանդիպմանը ներկա էին Եղեգնաձոր համայնքի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին, համայնքի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, ընթերցողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Վայոց ձորի մարզային գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը, ով կարևորեց նման հանդիպումների նշանակությունը՝ ընդգծելով, որ գրադարանը ոչ միայն գրքի և գիտելիքի օջախ է, այլև մշակութային երկխոսության, համագործակցության և բարեկամական կապերի ամրապնդման կարևոր հարթակ։ Նա շնորհակալություն հայտնեց Հրաչյա Բոյաջյանին՝ Վայոց ձորի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և արդյունավետ համագործակցության համար։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Եղեգնաձոր համայնքի փոխհամայնքապետ Վարդան Ավագյանը, ով բարձր գնահատեց Հրաչյա Բոյաջյանի հայրենանվեր գործունեությունը՝ ընդգծելով նրա նշանակալի ավանդը հայ-լեհական բարեկամական հարաբերությունների զարգացման, Եղեգնաձոր համայնքի հետ համագործակցության խորացման և միջազգային կապերի ամրապնդման գործում։
Հանդիպման հանդիսավոր պահը Հրաչյա Բոյաջյանին «Եղեգնաձոր քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման շնորհումն էր։ Եղեգնաձոր համայնքի ավագանու որոշմամբ պատվավոր հյուպատոսին հանձնվեց պատվավոր քաղաքացու վկայականը՝ ի նշան նրա երկարամյա հայրենանվեր գործունեության, ինչպես նաև Հայաստան–Լեհաստան բարեկամական և մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի։
Հաջորդիվ ելույթ ունեցավ Մարեկ Կուբերսկին, ով կարևորեց մշակույթի, կրթության և երիտասարդական համագործակցության դերը ժողովուրդների միջև փոխըմբռնման և խաղաղության ամրապնդման գործում։
Միջոցառման գեղարվեստական մասը զարդարեցին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաները՝ ուսուցչուհի Մարինե Սարգսյանի գլխավորությամբ։
Հուզիչ պահերից էր նաև Լեհաստան այցելած պատվիրակության կազմում ընդգրկված երեխաների շնորհակալական խոսքը։ Նրանք երախտագիտությամբ անդրադարձան Չեխանովեցում անցկացրած անմոռանալի օրերին, ջերմ հյուրընկալությանը և ձեռք բերած նոր ընկերություններին՝ շնորհակալություն հայտնելով Հրաչյա Բոյաջյանին այդ բացառիկ հնարավորության և մշտական հոգածության համար։
Հանդիպումն անցավ ջերմ, անկեղծ և բարեկամական մթնոլորտում՝ վերահաստատելով, որ մշակույթը, կրթությունն ու մարդկային կապերը ժողովուրդներին միավորող ամենաամուր կամուրջներն են։













