ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ 115
«Ես այն եմ, ինչպես եղա`
Սասունցի մի որբ տղա,
Արածիս համար կյանքում
Չասացի երբեք՝ մեղա։»
Խաչիկ Դաշտենց
Գրադարանում տեղի ունեցավ «Քնարական զգացմունքների գրողը» խորագրով «Խոդեդան» գրքի քննարկում։
Վեպը հայ գրականության կարևորագույն գործերից մեկն է, որը խոր ազդեցություն է ունեցել հայ գրականության զարգացման վրա՝ ներկայացնելով հայրենասիրության, տոկունության, կորուստների ու հաղթանակների գաղափարները։
Դաշտենցը «Խոդեդան»-ով հնչեցնում է կրակի ու ավերի միջով անցած, հայրենիք ու ընտանիք կորցրած հայ գաղթականների ապրելու, գերդաստանի ծուխը շարունակելու հարատև հիմնը։
Քննարկման համար գրքից ընտրվել էր «Խոդեդանի հարսանիքը» հատվածը։
Միջոցառման մասնակիցները մեծ սիրով և ոգևորությամբ զուգահեռներ անցկացրեցին անցյալում և ներկայում կատարվող հարսանեկան ավանդույթների և ծեսերի միջև։
Սասունցի մի չքավոր ընտանիքի նկարագրությամբ այս գրքում ներկայացված է մի ամբողջ շինական աշխարհ՝ իր կենցաղով, սովորություններով և առաքինի գործերով:
Միջոցառումը էլ ավելի գեղեցկացրին «Արմատ» պարային համույթի սաները:










