Երեքշաբթի, 20 Հունվարի, 2026
Միջոցառումներ

ԾԱՂԿԱՔԱՂ ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ

#ՎանԵղյան

#Գրքիշնորհանդես

#միկտորՎայոցձոր

«Արվեստը հոգու չբացահայտված լույս է, որ ծնվում է այն կիրառողի անձնական տառապանքներից և տառապանքով ու դժվարությամբ մատուցվում մարդկությանը»

Վան Եղյան

Վայոց ձորի մարզային գրադարանում կայացավ վայոցձորցի մեծ արվեստագետ, նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, մտածող, ժողովրդական բժիշկ և էլի շատ շնորհներով օժտված վառ անհատականություն Վան Եղյանի 📖 «Ծաղկաքաղ հարուստ ժառանգությունից» գրքի շնորհանդեսը։

Վան Եղյանը թողել է բազմաժանր ստեղծագործական մեծ ժառանգություն, ինչը պատիվ է բերում Վայոց ձորին ու վայոցձորցուն։

Նա իր ամբողջ ստեղծագործություններով մեզ տանում է մի ճանապարհով, որը հիշեցնում, որ գեղարվեստը զարդ չէ․ այն պատասխանատվություն է։

Այս գիրքը գրվել է հիշողությամբ, սիրով ու հպարտությամբ։ Այն ընդգրկում է քառյակներ, բանաստեղծություններ, աֆորիզմներ, գեղանկարների, քանդակների ու լուսանկարների մի ողջ հոգևոր հորիզոն —

մի կյանք՝ լի պայքարով ու փառքով,

մի արվեստ, որ ձգտել է ոչ թե ձևի կատարելությանը, այլ ներշնչվել է մարդկային էությամբ։

Գրքի ծնունդը իրականություն դարձավ նրա արվեստը գնահատող մի խումբ նվիրյալների ջանքերով։

Գիրքը կազմել է արվեստագետի համագյուղացի Նորիկ Մկրտչյանը, այն մարդկանց աջակցությամբ, ովքեր գնահատում են ոչ միայն Վան Եղյանի գործը, այլ նաև նրա անհատականությունը՝

Մովսիսյան գերդաստան, Կամո Սահակյան, Կարին Գրիգորյան, Էդուարդ Ասատրյան, Ռուզաննա Սարոյան, Տաթև Համբարձումյան, Նաիրա Ստեփանյան, Էմմա Մկրտչյան, Ալինա Մկրտչյան, Սիլվա Հակոբյան և ուրիշներ։

Գրադարանի տնօրեն Ա. Ավագյանը հանդես եկավ բացման խոսքով՝ ողջունելով Վան Եղյանի հարազատներին և հյուրերին։

Նա ներկայացրեց արվեստագետի թողած բազմաշերտ ու հարուստ մշակութային ժառանգությունը։

Ցուցադրվեցին տեսանյութեր՝ նվիրված Վան Եղյանի կյանքին ու գործունեությանը և մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանին նվիրված նրա բանաստեղծությանը։

Հնչեցին հատվածներ «Դժոխքի մատանին» անավարտ պոեմից, ինչպես նաև քառյակներ և աֆորիզմներ։

Իրենց հետաքրքիր հիշողություններով կիսվեցին Վան Եղյանի մտերիմ ընկերները և կինը։

Միջոցառումն էլ ավելի լիարժեք դարձրեցին արվեստագետի համագյուղացի, հեղինակային երգիչ, կիթառի վարպետ Արման Վարդանյանի և իր աշակերտուհու երաժշտական կատարումները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով