Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի, 2026
Միջոցառումներ

ՀԱԶԱՐ ՀԱՏԻԿ, ՄԵԿ ՍԻՐՏ

#ՆարինեԱվագյան

#հանդիպումգրողիհետ

«Ես կնկարեմ խենթ երջանկություն…»

Նարինե Ավագյան-ի Այս գեղեցիկ տողերով սկսվեց Վայոց ձորի մարզային գրադարանում կազմակերպված գրական անմոռանալի հանդիպումը՝ ժամանակակից հայ գրականության ինքնատիպ ներկայացուցիչ, բանաստեղծ, արձակագիր, մանկագիր և մանկավարժ հետ։

Միջոցառումը բացեց Վայոց ձորի մարզային գրադարանի տնօրենը՝ նշելով, որ իսկական գրականությունը ծնվում է սրտից և կարողանում է պատկերել այն, ինչ երբեմն բառերով արտահայտելն անհնար է՝ սերը, բարությունը, մանկության լույսն ու մարդկային ջերմությունը։ Նա ընդգծեց, որ Նարինե Ավագյանի ստեղծագործական աշխարհում առանձնահատուկ տեղ ունեն մանկությունը, մարդասիրությունը, հայրենիքը, բարությունն ու կյանքի հանդեպ հավատը, նրա գրքերը փոքրիկ ընթերցողներին տանում են հեքիաթային աշխարհ, իսկ մեծահասակներին՝ անկեղծ զգացմունքների ու մտորումների ճանապարհով։

Հանդիպման ընթացքում ներկաները դիտեցին հեղինակի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող կենսագրական տեսանյութ, որը հնարավորություն տվեց ավելի մոտիկից ճանաչելու գրողին՝ ոչ միայն որպես ստեղծագործողի, այլև որպես մարդու։

Գրականագետ, այվազյանագետ, խմբագիր, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Փաշայանը ներկայացրեց Նարինե Ավագյանի գրական աշխարհը, խոսեց նրա ստեղծագործությունների արժեքի և ժամանակակից հայ գրականության մեջ ունեցած կարևոր դերակատարության մասին։ Գրադարանը խորին շնորհակալություն է հայտնում Անի Փաշայանին, ում նվիրվածության և հետևողական աշխատանքի շնորհիվ Վայոց ձորի մարզային գրադարանը շարունակում է հյուրընկալել ժամանակակից հայ գրականության լավագույն ներկայացուցիչներին՝ ընթերցողներին պարգևելով կենդանի հանդիպումների բացառիկ հնարավորություն։

Միջոցառման ամենահուզիչ պահերից մեկը փոքրիկ դպրոցականների մասնակցությունն էր։ Նրանք մեծ սիրով և ոգևորությամբ արտասանեցին Նարինե Ավագյանի մանկական բանաստեղծությունները՝ հեղինակին փոխանցելով իրենց անկեղծ սերն ու հիացմունքը։ Յուրաքանչյուր արտասանված տող դարձավ փոքրիկ, բայց անչափ ջերմ նվեր սիրելի մանկագրին։

Հանդիպման ավարտին մանկագրի ստեղծագործական գործունեության նշանակության և նման հանդիպումների կրթամշակութային արժեքի մասին խոսեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակից Վարդուշ Մովսիսյանը, ով բարձր գնահատեց գրականության, գրադարանի և ընթերցողի միջև ստեղծված այս գեղեցիկ կամուրջը։

Շնորհակալություն ենք հայտնում սիրելի Նարինե Ավագյանին՝ ջերմ հանդիպման, անկեղծ զրույցի և ընթերցողների հետ կիսված լուսավոր ստեղծագործական աշխարհի համար։

Հանդիպման գեղեցիկ ավարտը գրքերի նվիրատվությունն էր։

Սիրելի Նարինե Ավագյանը Վայոց ձորի մարզային գրադարանին նվիրեց ինչպես իր հեղինակած գրքերը, այնպես էլ ժամանակակից այլ ստեղծագործողների գրքեր և գրական ամսագրեր՝ համալրելով գրադարանի ֆոնդը և ընթերցողներին ընձեռելով նոր ու արժեքավոր ընթերցանության հնարավորություն։

Այս արժեքավոր նվերը ևս մեկ անգամ վկայում է հեղինակի սրտացավ վերաբերմունքը գրադարանների, ընթերցողների և հայ գրականության տարածման գործի նկատմամբ, որի համար հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը։

#ՆարինեԱվագյան

#ԳրականՀանդիպում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով