ՀԱՆՍՆ ՔՐԻՍՏԻԱՆ ԱՆԴԵՐՍԵՆ-217

Այսօր դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է։ Հեքիաթագիր Անդերսենի կյանքը նման է եղել նրա «Անճոռնի բադիկը» հեքիաթին: Անդերսենը յուրահատուկ երեխա էր: Նա համարյա չէր խաղում հասակակիցների հետ, միշտ առանձնացած էր՝ տարված իր մտքերով: Նրա խաղերն ուրիշ էին: Նա սիրում էր տիկնիկային ներկայացումներ բեմադրել, պատմություններ էր հորինում ու անվերջ երազում: Շրջապատի տղաները չէին սիրում Անդերսենին, ծաղրում էին ու վիրավորում, ճիշտ և ճիշտ անճոռնի բադիկի պես: Պատրաստ էին հարձակվել ու մի լավ ծեծ տալ նրան միայն այն բանի համար, որ նա տարբերվում է իրենցից: Անդերսենի հեքիաթների զարմանալի, անսովոր ու հրաշապատում նկարագրություններում անգամ երևում են իրական կյանքը, կենդանի մարդիկ ու իրողություններ: Անդերսենի հեքիաթները հիացնում են բոլոր տարիքի ընթերցողներին: Մեծ հեքիաթագիր անկրկնելի հեքիաթները հատկապես սիրում են մանուկները և պատահական չէ, որ հենց Անդերսենի ծննդյան օրը նշում են նաև Մանկական գրքի միջազգային օրը։ Նրա հեքիաթների հիման վրա նկարահանվել են մուլտֆիլմեր, որոնք հետաքրքրությամբ դիտում են թե´ փոքրերը, թե´ մեծերը: Անդերսենի հեքիաթները լույս են տեսել բազմաթիվ լեզուներով, իսկ հայերեն թարգմանությամբ՝ մի քանի անգամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով