Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ_107


ԿՈՒՉ Է ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ…
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է (որոշ աղբյուրներում հիշատակվում է նաև ապրիլի 27-ը):

Շիրազը մոտ քառասուն գրքերի հեղինակ է։ Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով, նրա պոեզիան դարձրին Հայ գրականության լավագույն նմուշներից։ Քննադատները նրա շատ գործեր գլուխգործոցներ են համարում։ Ըստ Պարույր Սևակի՝ «Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա»։ «Շիրազը մեծ հանճար է, մենք պետք է հպարտ լինենք, որ պատիվ ունենք անձամբ նրան ճանաչելու»,- գրել է Վիլիամ Սարոյանը։

Կուչ է եկել Հայաստանը Արագածի լանջին,

Եվ կսպասե Արարատը Մամիկոնյան քաջին:

Մենք գինի ենք խմել միայն, մեր թշնամին՝ արյուն,

Ախ, էլ ինչպես մեր բախտն ունայն՝ բերեր մեզ միշտ գարուն:

Մենք մեր կրծքից խաչ ենք կախել, մենք խաչ, թշնամին՝ թուր,

Ահա ինչու որբ ենք եղել և Տղմուտն է տխուր:

Մեր Հիսուսը ցնորք է կես, ոսոխն՝ իրավ մարդուկ,

Ահա ինչու ոսոխը մեզ ճզմեց, դառած… հարթուկ:

Մենք եղեռն ենք տեսել, նա՝ ոչ, նա է մեզ եղեռնել,

Բայց թող հանվի չտեսնող աչքն, Հայաստանն է հառնել…

Ախ, միայն թե չկարկամի պալատներում այս նուրբ

Մասիս պալատ նուրբ մայրենիս, հայոց լեզուն մեր սուրբ,

Առանց նրան՝ այս նոր կյանքդ չարժե մութ մի հյուղակ,-

Խեթ մի նայե… ինձ չի սանձի ոչ մի մահի ծուղակ…

Թե այս կեսդ ազատված է՝ կեսդ խաչված է դեռ,

Հույսս թեպետ շղթայված է՝ խաչված էլ է անմեռ:

Քո Մասիսներն ով չի բանտել, ով չի չքվել, սակայն,

Ում սև հույսը չես անդնդել, մայր իմ հերոսական:

Դեռ ինչքան էլ կուչ գաս այսպես՝ Արագածիդ լանջին

Արարատիդ պիտի կապես, ազգ իմ, վերքդ վերջին:

Միթե չարժե իմ հավատը թեկուզ մի մարգարե,

Վաղ-ուշ պիտի Արարատը հայոց վիշտը մարե:

Կարդում են գրադարանավարներ Լիլիթ Հակոբյանը, Մարիամ Աբրահամյանը և Քրիստինե Հովսեփյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով