ՄԵԾ ԳՐՈՂՆ ՈՒ ԿԻՆՈԲԵՄԱԴՐԻՉԸ
#ԱղասիԱյվազյան—100
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ հայ մեծ գրող, դրամատուրգ, կինոռեժիսոր, սցենարիստ, հրապարակախոս, գեղանկարիչ և խմբագիր Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթ։
Միջոցառմանը ներկա էր գրականագետ, այվազյանագետ, խմբագիր, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Անի Փաշայանը։
Աղասի Այվազյանի արձակը հայ բազմադարյան գրականության հարուստ ավանդույթների տրամաբանական շարունակությունն է: Նա գրականություն բերեց հետաքրքրաշարժ հերոսների՝ բազմաբարդ բնավորությունների խառնարան, բացահայտեց աշխարհն ու նրա բնակչին՝ անսահման սիրող, երբեմն լքված ու միայնակ, բարի, երբեմն մեղսագործ, բայց միշտ՝ անպաշտպան մարդուն։
Բանախոս Անի Փաշայանն իր ելույթում ներկայացրեց Այվազյանի ստեղծագործությունների թեմատիկ բազմազանությունը, կերպարաշինության առանձնահատկությունները և գրողի մտահոգությունները։ Նա պատմեց նաև գրողի հետ ունեցած իր հետաքրքիր ու հիշարժան հանդիպումների մասին՝ շեշտելով Այվազյանի ստեղծագործական անհատականությունը և հայ մշակույթի նկատմամբ ունեցած նվիրվածությունը։
Միջոցառման ընթացքում հնչեցին հարցեր, որոնց մեծ սիրով պատասխանեց Անի Փաշայանը ։
Ցուցադրվեց տեսանյութ Աղասի Այվազյանի մասին, ինչպես նաև հատվածներ նրա սցենարներով նկարահանված ֆիլմերից։
Աղասի Այվազյանը գրեց իր «երազ իմ երկիրը» գրականության մեջ,
և նրա գրականությունը ուսումնասիրելով՝ մենք ևս կարող ենք ունենալ մեր «երազ իմ երկիրը»…











