ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՇԽԱՐՀԸ ԵՐԳԻ ԻՆՁ ՀԵՏ…

ԱՐԱՔՍ ՍԵՎԱՆ «ՍՐԻՆԳ»
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ Արաքս Սևանի «Սրինգ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա էին գրքի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Փաշայանը, Եղեգնաձորի մշակույթի, կրթության ոլորտի ներկայացուցիչներ՝ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Մովսիսյանը, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն Մարո Սիմոնյանը, Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Արմինե Մխիթարյանը, նույն մանկապարտեզի երաժիշտ Արմինե Սարգսյանը, գրադարանի լավագույն ընթերցողներ և այլք։
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը, բանաստեղծուհուն և ժողովածուն ներկայացրեց Անի Փաշայանը, իրենց զգացողություններով կիսվեցին նաև Մարո Սիմոնյանը և Կարինե Մովսիսյանը։
Միջոցառման ընթացքում հնչեցին այն բանաստեղծությունները, որոնք արտահայտում էին հեղինակի անափ կարոտը, սերը, ապրումները և փոխանցվում էին գարնան, արևի, ջրի, երկնքի կապույտի կերպարներով ու բնութագրվում որպես սիմֆոնիա։ «Սրինգ» ստեղծագործության բառերով գրված հրաշալի երգ նվիրեցին բանաստեղծուհուն երաժիշտ Արմինե Սարգսյանը և կատարող, գրադարանի ընթերցող Անահիտ Գևորգյանը։ Միջոցառումը իրենց դաշնամուրային գեղեցիկ կատարումներով համեմեցին Անի Փաշայանն ու Մարո Սիմոնյանը։
Տեսակապով միջոցառմանը մասնակցում էին նաև Արաքս Սևանը և գրքի նկարիչ Անուշ Բաբայանը, որը անակնկալ մատուցեց հեղինակին՝ ռուսերեն թարգմանությամբ ներկայացնելով մի քանի ստեղծագործություններ։
Հատուկ շնորհակալություն ընթերցողներ Արսինե Մկրտչյանին, Էլեն Վարդանյանին և Սյուզի Աղաջանյանին հրաշալի ընթերցանության և բանաստեղծություններն ինքնատիպ ներկայացնելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով