Երեքշաբթի, 10 Մարտի, 2026
Հիշենք մեր մեծերին

ՌՈՄԵՆ ՌՈԼԱՆ

Ռոմեն Ռոլան՝ սիրտ, որ բաբախում է բոլորի համար:

Ֆրանսիացի գրող և հասարակական գործիչ Ռոմեն Ռոլանը, որին հաճախ անվանում էին «Եվրոպայի խիղճը», գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստացավ հենց հայ ժողովրդի համար ճակատագրական 1915 թվականին։

Լինելով մարդասիրության և արդարության ջատագով, նա չէր կարող անտարբեր մնալ Հայոց ողբերգության նկատմամբ։

1917-ին, երբ Թուրքիայից նրան ուղարկեցին Հայոց ցեղասպանությունը հերքող ալբոմներ, Ռոլանը դրանք հետ ուղարկեց՝ գրելով.

«Ազգային ինքնուրույնության ձգտող դժբախտ ժողովրդին զրպարտելով չեք վերականգնի Եվրոպայում կորցրած թուրք ազգի հանդեպ համակրանքը…»:

Դեռ ավելի վաղ նա Համիդյան ջարդերը անվանել էր «Հայաստանի բարդուղիմեոսյան գիշերը» և գրել էր, որ դա մի ողջ ժողովրդի սառնասրտորեն կազմակերպված կոտորած էր՝ իրականացված հենց իշխանությունների կողմից։ Իր օրագրերում նա հարց էր տալիս.

«Ո՞վ կարող է ասել, թե արյունոտ սուլթանը որքան վճարեց լռող եվրոպական թերթերին ու դիվանագետներին 1894–1896 թթ. զոհված երկու հարյուր հազար հայերի արյան համար»:

Նրա նշանավոր վեպի՝ «Ժան Քրիստոֆ» հերոսը, խոսելով աշխարհի ճակատագրական իրադարձությունների մասին, ասում է.

«Որոշ ազգեր զոհվում են, մյուսները վերածնվում։ Հայաստանում կոտորած է…»

1935-ին, երբ Երևանում լույս տեսավ վեպի հայերեն հրատարակությունը, Ռոլանը ուղարկեց ջերմ առաջաբան-նամակ.

«Իմ սիրալիր ողջույնն եմ հղում ձեր նշանավոր Հայկական երկրին, որ առանձնապես սիրելի է երաժշտի իմ սրտին իր գեղեցիկ երգերով… Ձեր երկիրը երաժշտության տեսակետից կարծես խորհրդային Իտալիա լինի»:

Ռոմեն Ռոլանը մարդ էր, ով հավատում էր կյանքին, բարոյական արժեքներին և խաղաղությանը։ Նա պացիֆիստ էր, բայց երբեք թույլ չէր տալիս, որ չարը հաղթի։

Նրա պատգամը մինչև այսօր ուժ ունի.

«Չի լինում անելանելի մշուշ։ Կարևորը՝ դիմանալ և առաջ շարժվել»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով