ԱԼԲԵՐՏԸ՝ ՀՐԵՏԱՆՈՒ ԱՍՏՎԱԾ
Աշուն… 2020 թվական…Ու ոչ ոք չնկատեց, որ բոլոր պատուհաններից այն կողմ տերևները ներկվում են գույներով, ու քամին, ամեն անգամվա նման, խաղում է մրսկան տերևների հետ։
Հայոց հողը վաղուց հագեցել ու կշտացել է կարմիրից, որն այդպես էլ սիրտ չի հագեցնում, հայոց աշխարհում սպին սպիի վրա է ու նոր վերքերի համար տեղ չկա, այդքան վիրակապեր ո՜նց են տեղ անելու երկրիս սրտում, այն երկրի, որտեղ մարդկանց ձեռքերից զենքի հոտ է գալիս, ու օդը վառոդ է շնչում, ուր կիսատ են մնում կյանքերն, անավարտ թողնվում երազանքներն ու աներազ դառնում ամենամութ գիշերները։
Հայոց լեռները ցավից ոռնում, բայց չեն խոնարհվում պատերազմների առաջ։ Հայրենիքիս ամեն մի թիզ հողում ինչ-որ քաջի սիրտ է հանգչում։
Հիմա արդեն դժվար է ասել. երկրի վրա են հերոսներն ավելի շատ, թե՞ երկնքում։
Իմ երկրում խաղաղությունն այլևս կապույտ չէ, որովհետև նվաճվել է արյամբ… կարմիր է այսուհետ…
Զոզ Հովսեփյան