Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
Հիշենք մեր մեծերինՄեջբերումներ գրքերից

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ. ԴԻՄՈՒՄ

Քե՛զ, իմ ժողովուրդ, իմ այս երգերը,

Ու թե լինեն արցունքոտ տողեր,

Այդ նրանից է, որ ես երգել եմ

Ի խորոց սրտի։

Ու բաց չեմ թողել

Ոչ մի մթին խորշ իմ հոգու խորքում

Եվ ոչ մի ապրում երգի արժանի.

Տխրել եմ հաճախ տխուր մորմոքից

Հուսալքության ու վշտի ժամին.

Բայց չեմ մոռացել իմ դարը վսեմ,

Որը շողում է քո մեծ անունով,

Իմ երգի ժամին ես քեզ եմ լսել,

Հիշել, կանչել եմ ես քեզ ամեն օր…

Փառաբանել եմ քո գործերը վեհ,

Քանդակել սրտիս խոսքերդ իմաստուն,

Երգելու համար փնտրել եմ ձևեր,

Ուսել հնարքներ դիպուկ ու ազդու…

Ու չեմ կորցրել իմ կոչումը սուրբ,_

Ես, ճարտարապետ մարդկային հոգու,

Կամքով անխորտակ ու ոգով տոկուն,

Երգում եմ երգը իմ նոր աշխարհի,

Պայքարը նրա, հաղթանակը մեծ…

Քեզ, իմ ժողովուրդ, իմ այս երգերը,

Ու եթե գիտես հնչյուններ վշտի,

Այդ նրանից է, որ ես երգել եմ

Վշտի ծովերում ի խորոց սրտի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով