ՀԶՈՐ ԿԻՆ. ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՊԱԳԱՅԻ ԲԱՆԱԼԻՆ
Ընտանիքի միջազգային օրը համաշխարհային տոն է և նշվում է ամեն տարի մայիսի 15-ին ։ Այն տոն է, որի նպատակն է բարձրացնել ընտանիքի կարևորության մասին իրազեկվածությունը և խթանել ընտանեկան արժեքները՝ սերը, հարգանքը և միասնությունը։
Վայոց ձորի մարզային գրադարանը, Եղեգնաձորի համայնքապետարան -ը և «Դու մենակ չես» կանանց աջակցման կենտրոն -ը համատեղ կազմակերպել էին «Հզոր կին. ավելի լավ ապագայի բանալին» խորագրով միջոցառում՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան։ Բացման խոսքով հանդես եկան Վայոց ձորի մարզային գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանն ու Եղեգնաձորի համայնքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հիմնահարցերով պատասխանատու, «Դու մենակ չես» կանանց աջակցման հասարակական կազմակերպության նախագահ՝ Նաիրա Հարությունյանը, ովքեր իրենց խոսքում ևս մեկ անգամ կարևորեցին ընտանիքի և նրան շունչ ու հոգի տվող կնոջ դերը։
Միջոցառման ընթացքում մեծարվեցին Վայոց ձոր մարզի հասարակական, քաղաքական, մշակութային, կրթական, իրավական, բժշկական, ձեռագործ արվեստի, խոհարարության և այլ ոլորտների մի խումբ վաստակաշատ և իրենց գործունեությամբ հարգանք ու պատիվ ունեցող կանայք։
Ինչպես իրենց խոսքում նշեցին Արփինե Ավագյանն ու Նաիրա Հարությունյանը՝ թերևս այս միջոցառումը համարենք անդրանիկ հանդիպում, որն, անկասկած, կլինի շարունակական և մեր կողքին ապրող ու արարող շատ կանայք ևս առաջիկայում տարբեր առիթներով կմեծարվեն և կգնահատվեն հավուր պատշաճի։
Հատուկ շնորհակալություն Եղեգնաձորի երաժշտական դպրոցին և AYGI CAFE սրճարանին։