Ուրբաթ, 18 Հոկտեմբերի, 2024
Առաջարկում ենք կարդալՄեջբերումներ գրքերից

ԱՐԾԱԹ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՔԻԱԹԸ

Երբ փոքր էի, ձյուն շատ էր գալիս։ Չգիտեմ՝ փոքր էի, թվու՞մ էր, թե՞ իրականում էր այդպես։ Այո՛, շատ էր գալիս. քանի որ ձմռանը գյուղի չորսբոլորը շրջապատող լեռներն ամբողջությամբ սպիտակ էին հագնում, նույնիսկ ժայռերը հազիվ էին նշմարվում։ Այդ համատարած ճերմակայության վրա հաճախ երևում էին սոված գայլերից լեռնալանջերին հոշոտված շների բզկտված մարմինների հետքերը։

Ձյուն շատ էր գալիս, ձմեռն էլ՝ երկարում։ Լեռներով շրջափակված ձորի մեջ անհամբեր սպասում էինք գարնան գալստին։ Մեզ մոտ, ի տարբերություն այլ բնակավայրերի, գարունը գալիս էր գյուղի դիմացի լեռան կատարից։ Արևի ջերմությունից լեռան գագաթին բազմած Սմբատաբերդի պարիսպներին նստած ձյունը հալվում, դառնում էր սառցե լուլաներ։ Սպասում էինք այնքան, որ նրանցից մեկն ու մեկը -ընկնի այնտեղ, որտեղից ձնահյուսքն ուղղաձիգ ժայռից կթափվի և, լեռնալանջի ամբողջ ձյունը հավաքելով՝ կբերի ու կլցնի գետահովիտ՝ փակելով Արծաթե աղբյուր գետակի հունը։ Այդպես էր լեռան գագաթից գարունն իջնում գյուղ։ Երբ հունը փակվում էր, գետով դեպի Արծաթ աղբյուրների հովիտ լողացող կարմիր պուտիկներով ձկները շարունակում էին իրենց ճանապարհը գետի անջուր հունով և դեմ էին առնում ժամանակավոր ձյունե պատվարին ու մխրճվում նրա մեջ, մինչև ջուրն իր ճամփան կբացեր։ Ձկները հոսող ջրի հետ ետ չէին դառնում, որովհետև ուզում էին ջրվեժներով ու անհաղթահարելի տեղանքով անցնելով՝ հասնել գետի ակունք, Մամռոտ լիճ ու… կախարդանքով դառնալ ջրահարս։

Մեջբերումը՝ Սերյոժա Գասպարյանի «Արծաթ աղբյուրների հեքիաթը» գրքից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով