ԹՈ՛Ղ ԿՅԱՆՔԸ ԱՆՎԵՐՋ ՀՐԱՇՔ ԱՐԱՐԻ
#արձակագիր_բանաստեղծ_երգիծաբան
Վայոց ձորի մարզային գրադարանում կայացավ երկար սպասված հանդիպում վայոցձորցի տաղանդավոր արվեստագետ Սոֆյա Վազգենի Սարգսյանի հետ:
Բացման խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը, ով բարձր գնահատեց տաղանդաշատ գրողի, բազմաշերտ, խորաթափանց և զգայական ստեղծագործությունները և կարևորելով այս հանդիպումը’ նշեց , որ Սոֆյա Սարգսյանը մեր մարզի, մեր համայնքի հպարտությունն է և անփոխարինելի դեր ունի նաև մեր մշակութային կյանքում:
Հանդիպումը ուղեկցվեց ջերմ և հաճելի զրույցով, որի ընթացքում Սոֆյա Սարգսյանը ներկայացրեց իր ստեղծագործական ուղու, հայրենիքի, գեղեցկության և մարդու հանդեպ ունեցած ակնածանքի և ջերմության ակունքների և այն սիրո ու արևի մասին, որը կրում է իր հոգում:
Հանդիպման պատվավոր հյուր էր նաև Արցախի հանրային ռադիոյի գլխավոր խմբագիր, արձակագիր, վաստակավոր լրագրող Նվարդ Ալեքսանյանը, ով գրականագիտական ուրույն վերլուծությամբ ներկայացրեց գրողի ստեղծագործությունների ընդհանուր բնութագիրը’ գնահատելով և բարձրացնելով նաև Սոֆյա Սարգսյանի մարդկային վեհ հատկանիշները:
Գեղեցիկ ընթերցումներով հանդես եկան գրադարանավարներ և հեղինակի մտերիմները, նախկին գործընկերները, ովքեր նաև իրենց սրտի խոսքն ասացին Սոֆյա Սարգսյանի և նրա հոգեզմայլ ստեղծագործությունների մասին, կիսվեցին իրենց լավագույն հիշողություններով:
Շատ սիրելի հյուր էր հեղինակի պատմության ուսուցիչ, բազմավաստակ մանկավարժ Կ. Կարապետյանը, ով արժանի գնահատանքի խոսք ուղղեց իր աշակերտուհուն’ առանձնացնելով հեղինակի’ իր պապին նվիրված պատմությունը:
Երախտագիտության խոսքերով հանդես եկան Սոֆյա Սարգսյանի նախկին աշակերտները, ովքեր արդեն ճանաչված ուսուցիչներ են, իսկ հրաշալի օրվա երաժշտական մասը անզուգական կատարումներով ապահովեց Աննա Աղաբեկյանը:
Անչափ հաճելի անակնկալ էր Սոֆյա Սարգսյանի կողմից 100-ամյա գրադարանին նվիրված գեղեցիկ պաստառը’ «Խոսք հարատևման» խորագրով և գրադարանին ձոնված տողերով, ձևավորված իր և գրադարանավարների նկարներով:
Սոֆյա Սարգսյանը ստեղծագործում է դպրոցական հասակից: Հրատարակել է «Մտորումների մեջ» ( 1996թ.), «Ծիծաղափունջ» (2003թ.), «Անբասիր մրմունջներ» (2004թ.), «Ծաղկի անուն՝ մի բան էլ պակաս» (2008թ.), «Եղե՞լ է, թե՞ չի եղել» (2018թ.) և «Հոգու արձագանք» (2021թ.) գրքերը: Տպագրվել է ՀՀ, արցախյան և այլ երկրների ավելի քան 55 անուն համահեղինակային գրքերում, մշակութային տարբեր ամսագրերում: 2020 թվականին «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի տնօրինության կողմից արժանացել է «Գրական վաստակ» Պատվո շքանշանի, 2021 թվականին Կալիֆոռնիայի հայ գրողների միության կողմից՝ «Տիր, Գրչության հովանավոր» Պատվո շքանշանի: 2021 թվականի հոկտեմբերին Սոֆյա Սարգսյանին շնորհվել է «Երգիծաբանների համահայկական միության» անդամություն: ԿՀԳՄ ՀՆ և «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ համագործակցության շրջանակում, հայոց բանակի 30 ամյակի կապակցությամբ, 2022 թվականին պարգևատրվել է «Սոսե մայրիկ» մեդալով: Սոֆյա Սարգսյանը հանդիսանում է նաև Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։
Վայոց ձորի մարզային գրադարանը շնորհակալություն է հայտնում Սոֆյա Սարգսյանին և հանդիպմանը ներկա բոլոր- բոլորին՝ անսպառ սիրո ու ջերմության, անմոռանալի և հագեցած օրվա համար: