Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՈՂԻ ՀԵՏ

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 105-ամյակի նախօրեին Վայոց ձորի մարզային գրադարանը հյուրընկալեց մի շարք գրքերի և հոդվածների հեղինակ, Աշոտ Սիմոնյանին, ում աշխատությունները նշանակալի ներդրում են Վայոց ձորի, մասնավորապես, նորագույն պատմության լուսաբանման գործում և արժանի են ինչպես վայոցձորցիների, այնպես էլ նորագույն պատմությամբ հետաքրքրվողների ուշադրությանը:

Հայրենի բնաշխարհի և ծննդավայրի պատմության, նրա հերոսների կյանքի և գործունեության մասին են պատմում հեղինակի գրքերը:

Հեղինակը հերթական գիրքն էր նվեր բերել գրադարանին՝ «Մակուեցի Մեսրոպը»: Գրքում ներկայացված է կյանքի գրեթե կեսը՝ մոտ երեք տասնամյակը, հայ ազգային-ազատագրական պայքարին անմնացորդ նվիրված մեր խոնարհ հերոսներից մեկի՝ Մեսրոպ Ավետիսյանի կյանքն ու գործը:

Մարզային գրադարանում ցուցադրված «Հայաստանը պատմության քառուղիներում» խորագիրը կրող գրքային ցուցադրության մեջ, իրենց ուրույն տեղն ունեն Աշոտ Սիմոնյանի գրքերը՝ «Արփա-Արենին Վայոց ձորի պատմության հոլովույթներում», «Վայոց ձորը 20-րդ դարի քառուղիներում», «Վայոց ձորի 1930 և 1931 թվերի ամստամբությունները», «Մակուեցի Մեսրոպ» գրքերը և մի շարք հոդվածներ՝ «Վեմ», «Հայագիտություն», «Սյունիք» հանդեսներում։

Հանդիպմանը մասնակցում էին պատմաբաններ Գ. Դովլաթյանը, Ռ. Բարսեղյանը, աշխարհագրագետ Ն. Մկրտչյանը, ով իր խոսքում արժևորեց և գնահատեց այն ահռելի աշխատանքը, որ կատարում է Աշոտ Սիմոնյանը։

Մարզային գրադարանը սիրով սպասում է հեղինակի նոր պրպտումներին և նոր գրքերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով