Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Վայոց ձորի մարզային գրադարանում տիրում էր ջերմ ու ոգեշնչող մշակութային մթնոլորտ։ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան ընդառաջ՝ կայացավ «Մեր դարավոր նվագարանների ժառանգությունը» խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված հայկական ավանդական նվագարաններին՝ թառին ու քամանչային։

Գրքի ու երաժշտության ներդաշնակ միասնությամբ հագեցած այս գեղեցիկ հանդիպման ընթացքում թառի ու քամանչայի կախարդական հնչյունները, երաժշտական կատարումներն ու ասմունքը գրադարանի հարկի ներքո ստեղծեցին իսկական հոգևոր տոն։ Հայկական մեղեդիների յուրաքանչյուր հնչյուն կարծես հիշեցնում էր մեր ազգային ինքնության ակունքների, դարերով փոխանցված ավանդույթների և մշակութային ժառանգությունը պահպանելու կարևորության մասին։

Մեր ավանդական նվագարանները պարզապես երաժշտական գործիքներ չեն․ դրանք մեր պատմության, հիշողության ու հոգևոր աշխարհի կենդանի կրողներն են, որոնք սերնդեսերունդ փոխանցում են հայկական մշակույթի անկրկնելի շունչն ու ոգին։

Շնորհակալություն և երախտագիտություն միջոցառման բոլոր մասնակիցներին՝ Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջի սաներին և նրանց դասախոս Լիլիթ Բաբայանին, ինչպես նաև «Մեղեդի» երաժշտական ստուդիային՝ գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Ձեր գեղեցիկ ու բարձրաճաշակ երաժշտական կատարումներն ու ասմունքը միջոցառումը դարձրին հուզիչ, բովանդակալից և հիշարժան։

Պահպանե՛նք մեր մշակութային ժառանգությունը, արժևորե՛նք մեր ազգային նվագարաններն ու փոխանցե՛նք դրանց հնչյունները գալիք սերունդներին։ Չէ՞ որ մեր մշակույթի կենդանի հնչողության մեջ է մեր ինքնության շարունակականությունը։

#ՎայոցՁորիՄարզայինԳրադարան#ՈչՆյութականՄշակութայինԺառանգություն#ՀայկականՆվագարաններ#Թառ#Քամանչա#ՄշակութայինԺառանգություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով