Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի, 2026
Մի կտոր Վայոց ձորՄիջոցառումներ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐԱՄԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Մեծ անհատները չեն հեռանում ժամանակի հետ․ նրանք շարունակում են ապրել իրենց գործով, թողած արժեքներով և սերունդներին փոխանցվող հիշողություններով։

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պետական և հասարակական գործիչ, մեր հայրենակից Հովհաննես Արամի Հովսեփյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։

Օրվա առաջին կանգառը Եղեգնաձորի հուշահամալիրում էր։ Տեղի ունեցավ Հովհաննես Հովսեփյանի անվան հետ առնչվող պատմական հիշողությունը խորհրդանշող ցուցատախտակի բացումը։ Արարողությանը ներկա էին Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ՀՀ Եղեգնաձորի մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, հոբելյարի հարազատներն ու հյուրեր։ Բացման խոսքով հանդես եկավ Գ. Դովլաթյանը՝ ներկայացնելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում Տ-34 մարտական տանկի տեղադրման պատմությունը։ Հովհաննես Հովսեփյանի հարազատները և ներկաները ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։

Հիշենք, որ տանկի՝ Եղեգնաձոր տեղափոխման նախաձեռնությունը Հովհաննես Հովսեփյանի հայրենասիրության և պատմական հիշողության պահպանման ձգտման վկայություններից է։ Ժողովրդի հիշողության մեջ այն հայտնի է դարձել որպես «Հովսեփյանի տանկ»։

Այնուհետև Վայոց ձորի մարզային գրադարանի միջոցառումների սրահում կայացավ մտերմիկ հանդիպում, որի ընթացքում ներկաները կիսվեցին Հովհաննես Հովսեփյանի մասին իրենց հիշողություններով, պատմություններով և անձնական տպավորություններով։ Անցյալի կենդանի վկայությունները ևս մեկ անգամ բացահայտեցին ոչ միայն պետական ու հասարակական գործչի, գիտնականի, այլև մարդամոտ, սկզբունքային ու հայրենիքին նվիրված անհատի կերպարը։

Ժամը 12։00-ին Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում մեկնարկեց հոբելյանական հանդիսավոր միջոցառումը։

Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի մարզային գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը՝ արժևորելով Հովհաննես Հովսեփյանի կյանքն ու վաստակը, հայրենի երկրամասի զարգացման գործում ունեցած ներդրումը, գիտական ժառանգությունն ու մարդկային բարձր նկարագիրը։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգունթյան վարչության գրադարանային ոլորտի համակարգման գլխավոր մասնագետ և Հովհաններս Հովսեփյանի քրոջ թոռնուհի Վարդուշ Մովսիսյանը, Հովհաննես Հովսեփյանի հարազատները, գործընկերներ, մտավորականներ և նրա կյանքն ու գործունեությունն ուսումնասիրող անձինք։ Նրանց խոսքում վերակենդանացան մեծանուն հայրենակցի կյանքի կարևոր դրվագները, աշխատանքային ուղին, գիտական գործունեությունն ու մարդկանց հետ ունեցած ջերմ հարաբերությունները։

Հանդիսությունն ուղեկցվեց երաժշտական կատարումներով և տեսանյութերով, որոնք ամբողջացրին հոբելյարի բազմաբեղուն կյանքի ու գործունեության պատկերը՝ ստեղծելով հիշողության, մեծարման և երախտագիտության մթնոլորտ։

Հովհաննես Հովսեփյանի անցած ճանապարհը վկայում է, որ հայրենասիրությունը միայն խոսք չէ․ այն ամենօրյա աշխատանք է, գիտելիքի հանդեպ հարգանք, մասնագիտական ազնվություն և հասարակությանը ծառայելու պատրաստակամություն։

Վայոց ձորի մարզային գրադարանը կարևորում է մեր նշանավոր հայրենակիցների կյանքի ու գործունեության հանրահռչակումը՝ այն դիտարկելով որպես պատմական հիշողության պահպանման, ազգային արժեքների արժևորման և երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության կարևոր առաքելություն։

Թող Հովհաննես Արամի Հովսեփյանի անունը, գործն ու գիտական ժառանգությունը շարունակեն ապրել՝ որպես հայրենասիրության, պատասխանատվության և անմնացորդ նվիրումի օրինակ գալիք սերունդների համար։

Հիշել, արժևորել և փոխանցել․ սա է մեր պարտքը մեր մեծերի ու պատմության առջև։

Համագործակցության և աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ / Staff of Vayots Dzor Marzpet of the RA-ին,

Եղեգնաձորի համայնքապետարան-ին,

Եղեգնաձորի Երկրագիտական Թանգարան / Yeghegnadzor Regional Museum /-ին՝ տնօրեն՝ Կ. Ստեփանյան,

Եղեգնաձորի երաժշտական դպրոցին՝ տնօրեն՝ Ա. Կարապետյան,

<<Արմենիան>> երգչախմբին՝ գեղ. ղեկավար՝ Մ. Սիմոնյան,

<<Մաեստրո>> ստուդիայի սաներին՝ գեղ. ղեկավար՝ Ա. Վարդանյան։

#ՎայոցՁորիՄարզայինԳրադարան

#ՀովհաննեսՀովսեփյան100

#ՄեծանունՀայրենակից

#ՊահպանենքՀիշողությունը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով