Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
Հիշենք մեր մեծերինՄեջբերումներ գրքերից

ՄՈՎՍԵՍ ԱՐԱԶԻ_146

Լսու՞մ եք… սպասեցե՛ք մի փոքր. ես ձեզ կպատմեմ բոլորը սկզբից…

Գնու՞մ եք… լա՛վ, ես կպատմեմ ծաղիկներին ու խոտերին…

Սիրու՛ն կակաչներ, լա՛վ լսեցեք արևի պատմությունը…

Աղջիկս հիվանդ էր…

Գիտե՞ք, նա էլ ձեզ նման մի ծաղիկ էր` նախշունիկ դեմքով, ոսկեգանգուր մազերով:

Աղջիկս հիվանդ էր…

Բժիշկը եկավ, իջավ մեր բնակարանը: Նա տխուր էր: Ինչու՞… Հա՜, հիշում եմ, նա չէր սիրում ներքևի հարկերը…

Նա իջավ ներքև, նայեց իմ աղջկան, նայեց սենյակի պատերին.

— Խոնավ է, — ասաց, — պիտի փոխեք բնակարանը, պիտի արևկող սենյակ ճարեք…

— Քանի՞ երեխա ունեք, — հարցրեց:

— Երեքն էին. երկուսը մեռան, մնաց այս մեկը… Ազատե՛ք իմ աղջկան. նա մեր տան հոգին է ….

Նա ինչ-որ դեղ գրեց ու տխուր դեմքով դուրս գնաց:

— Հայրիկ, ի՞նչ գրեց բժիշկը, — հարցրեց աղջիկս:

— Ա՛րև գրեց, սիրելի՛ս, ա՛րև գրեց, որ փայլի քեզ վրա ու ազատի ցավից:

Ու այն օրը գնացի արև փնտրելու. Գնացի շատ հեռու` քաղաքի ծայրը, ու գտա արևկող մի բնակարան:

— Սիրու՛ն կակաչներ, արևի՛ զավակներ, ավելի լավ չէ՞ր լինի` ձեզ մոտ բերեի իմ ոսկեծամիկ աղջկան: Դուք նրան կզուգեիք կարմիր ու կանաչ… Բայց, հա՜, գիտեմ, դուք նրան հաց չէիք տա… Դուք սնվում եք վաղորդյան ցողով…

Լսե՛ք, ես դեռ չեմ վերջացրել…

Մյուս առավոտ պիտի տանեի աղջկաս արևի տուն, բայց երբ լուսացավ, նա ինձ կանչեց, ձեռքս բռնեց ու փակեց աչքերը..

Հետո եկան մարդիկ ու տարան նրան…

Ու երբ ոսկեծամիկ աղջիկս հեռացավ մեզնից… Ես դարձա արևի հիվանդ: Ես գնում էի, նստում փոքրիկ գերեզմանի մոտ ու սպասում արևածագին… Ու մի օր էլ դիմեցի արևին.

— Հզո՛ր արև, — ասացի, — մի մեծ գանգատ ունեմ քեզնից. ինչու՞ դու մի շողք խնայեցիր իմ աղջկան, ինչու՞ սպանեցիր ու տարար նրան:

Նա տխրեց ու մթնեց:

— Գնա՛, — ասաց, — հայտնի՛ր աշխարհին, ասա` վերևի հարկը արևի շողքերը խլեց, ստվեր ձգեց ներքևի հարկին ու սպանեց այն ոսկեհեր աղջկան…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով