ՍԵԼԻՄԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ

Սելիմի քարավանատունը գտնվում է Սելիմի լեռնանցքի ամենաբարձր մասից 100մ ներքև՝ փոքր հարթության վրա։ Այն ունի 3 դահլիճ , գլխավոր կանաչապատ մուտքի վրա պարսկերենով՝ արաբական տառերով կա 1332թ. Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի որդու՝ Չեսարի արձանագրությունը՝ քարավանատան կառուցման մասին։ Քարավանատան երկարությունը 35,5մ է։ Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին, շքամուտքը հայ միջնադարյան նոր ճարտարապետական ոճի նմուշներից է, որը այդ ժամանակ ձևավորվում էր քաղաքներում։
Այդ տարիներին ակտիվ էր առևտուրը Արևմուտքի և Արևելքի միջև։ Քարավանները անբարենպաստ եղանակներին պատսպարելու նպատակով կառուցվեցին քարավանատներ, որոնք ասես կետագծում էին միջազգային առևտրային ուղիները։ Նման ապաստարաններից մեկը հանդիսանում էր Սելիմի քարավանատունը։
Ինչպես վայոցձորյան շատ կառույցների, այնպես էլ Սելիմի քարավանատան մասին կա ավանդազրույց։
Ավանդության համաձայն՝ քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան։ Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել, կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձնաբքի մեջ։ Քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակին կառուցել է մի իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը, ապա շարունակեն ճանապարհը։ Լեռնանցքը կոչվել է Սելիմի լեռնանցք, իսկ 2014 թվականին անվանափոխման արդյունքում կոչվում է Վարդենյաց լեռնանցք[8]։ Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան քարավանատունը։
Նյութը վերցված է Սամվել Հակոբյանի « Վայոց ձորի մարզ» պատմական հանրագիտարանից և «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով