ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

ՄԵՆՔ

1.

Եվ ի՜նչ էինք մենք

Ու երկիրը մեր,

Եթե ծուռ նստենք, բայց խոսենք շիտա՛կ.-

Եթե նավ՝ ապա չո՜ր ժայռի վրա,

Եթե գավ՝ ապա արցունքով լեցուն,

Եթե հող՝ապա քարացա՜ծ ահից,

Եթե քար՝ ապա ճչացո՜ղ ցավից,

Հզոր մի ոգի, որ չունե՜ր մարմին,

Եզակի որակ՝ առանց քանակի,

Քաջարի սպա՝ առանց բանակի,

Պաշտամունք՝ հնի ու ավերակի…

Եվ ի՜նչ էինք մենք

Ու երկիրը մեր,

Թե շիտակ նստած՝ ծու՜ւռ խոսենք անգամ, —

Զբոսաշրջի՜կ իր հայրենիքում,

Հյուր՝ իր սեփական օջախ ու հարկում.

Գետ, որի լոկ մի՛ ափին ենք տիրում,

Լեռ, որ հեռվի՜ց է միայն երևում,

Անժողովուրդ հո՜ղ,

Անհող ժողովո՜ւրդ

Եվ ցրված հուլունք,

որ չէ՜ր… ժողովվում:

2.

Մենք խո՛ւլ ենք կիսով.

Ամեն մի նոր ձայն, թեև շուտ լսում,

Բայց անկարո՜ղ ենք ետևից գնալ.

Մեր ականջներում

Հայոց պատմութեան քաո՜սն է խշշում՝

Փնտրելով խոսքեր դառնալու հնար:

Մենք կա՛ղ ենք կիսով,

Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝

Սուրիո ավազին,

Փարիզի մայթին,

Նեղոսի ափին, —

Մեր մյուս ոտքը

Խրված է Մասիս լերան ձյունի մէջ,

Եվ մենք չե՜նք քայլում,

Մենք տեղ չե՜նք հասնում՝

Գծում ենք միայն

Մեր պանդխտության շրջագիծն անել՝

Մասիսի շո՜ւրջ ենք պտտվում անվերջ…

Մենք կո՛ւյր ենք կիսով.

Միշտ թա՛ց է եղել մեր աչքն արցունքից,

Եվ աղո՜տ ենք մենք տեսնում,

Անկատա´ր.

Մի ձեռքո՜վ ենք մենք կառուցել միայն,

Ստիպել են զե՛նք բռնել մյուսով՝

Պատերա՜զմ էր մեր հողում անդադար:

Մենք հա՛մր ենք կիսով.

Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,

Մեր մտածածը չասելու համար, —

Որ չուրախանա՛նք մեր ուրախությամբ,

Չհպարտանանք մեր հպարտությամբ

Ու… չսգա՜նք մեր զոհերն անհամար:

Արայի պես ենք մենք սիրահարվում.

Մեզ թվում է միշտ,

Թե սիրով տարված՝ մեր հո՜ղն ենք լքում

Եվ… վախենո՜ւմ ենք նոր Շամիրամից.

Կես ուղեղո՛վ ենք աշխարհն ընկալում՝

Մթագնե՜լ է կեսն

Անեծքի՛ց,

Ցավի՛ց…

Մենք կես,

Կես ենք մենք,

Չլինեինք կես՝

Հա՛յ կը լինեինք,

Եվ ո՛չ թուրքահայ,

Կամ արաբահայ,

Կամ ֆրանսահայ.

(Իսկ վաղն աստղահայ

Եվ կամ լուսնահայ…)

____Կե՜ս ենք, —

____Երկճեղքվա՜ծ,

____Կիսվա՜ծ,

____Երկգագա՜թ

____Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լեռան նման…

Բայց վկա ճեղքված Մասիս լե՛ռը մեր,

Վկա մեր կե՛սը մորթված Տէր-Զորում

Եվ այն կե՛սը,

Որ ե՛ս եմ, դո՛ւ և նա՛, —

Մենք կմիանա՜նք

Մենք կամբողջանա՜նք,

Կգտնե՜նք մի օր

Լրի՜վ դառնալու

Հնար՛ն անհնար…

3.

Մենք փո՜քր ենք, այո՛,

Փո՛քր, —

Լեռների ծերպից սուրացող այն քարի՛ նման,

Որ դաշտում ընկած ժայռի ո՛ւժն ունի.

Փո՛քր, —

Լեռնային մեր գետերի պես,

Որոնք վիթխարի ո՛ւժ են ամբարել,

Անծանո՜թ՝

Հովտի ծո՜ւյլ-ծո՜ւյլ գետերին:

Փո՜քր ենք-

Բայց ինչպես գնդակը՝ փողո՛ւմ,

Ինչպես կաղնու սերմն՝

Արգավանդ հողո՛ւմ, —

Ոսկու մի հատի՜կ,

Որ վերևի՜ց է նայում

Կապարի՛ ու թուջի քաշի՛ն.

Մենք փո՛քր ենք, —

Սակայն համեմո՜ւնք ենք մենք, —

Ա՜ղն այն մի պտղունց,

Որ հա՜մ է տալիս

Մի ամբողջ ճաշի…

Մենք փո՜քր ենք, այո՛,

Ձեզ ո՞վ էր ասում,

Մեզ սեղմե՛ք այնքա՛ն,

Որ մենք ստիպված…ադամա՛նդ դառնանք.

Ո՞վ էր ստիպում՝

Մեզ աստղերի պես ցիրուցա՜ն անեք,

Որ միշտ մե՜զ տեսնեք՝

Ո՜ւր էլ որ գնաք…

Մենք փո՜քր ենք,

Սակայն մեր երկրի նման,

Որի սահմանը

Բյուրականի՛ց մինչ Լուսի՛ն է հասնում,

Եվ Լուսավանից՝ մինչև Ուրարտո՛ւ…

Փո՜քր, —

Այն հրա՜շք ուրանի նման,

Որ դա՛ր ու դարե՛ր

Փայլո՜ւմ է,

Շողո՜ւմ,

Սակայն չի՜ հատնում…

Գևորգ Էմին

Ներկայացնում են գրադարանավարներ Քրիստինե Հովսեփյանը և Մարիամ Աբրահամյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով