ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ ԳՐՔԱՏՈՆԻՆ
Հեքիաթները անդունդներ են՝ խորը, անծայր, անվերջ, հարուստ ու շքեղ աշխարհ: Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է, նույնիսկ հանճարները հեքիաթներ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում:
Հովհ. Թումանյան
Մի բան է հեքիաթ կարդալ, մեկ այլ բան է այն ցուցադրել տիկնիկներով: Վայոց ձորի մարզային գրադարանը Գրքատոնի առթիվ մեծ նվեր էր պատրաստել իր փոքրիկ ընթերցողների համար: Այս տարվա Գրքի տոնին նվիրված <<Անբան Հուռին>> հրաշք ներկայացումը անտարբեր չթողեց ոչ մի երեխայի և անգամ մեծի: Խանդավառված փոքրիկներ, հանդիսատեսի փայլուն աչուկներ, անսապառ ժպիտներ, անմոռանալի տպավորություններ և հուշեր, երջանիկ ակնթարթներ. այս ամենը վառ ապացույցն էր այն բանի, որ ներկայացումը հաջողված էր:
Այս տարվա Գրքի տոնը Վայոց ձորի մարզային գրադարանում անցկացվեց մեծ շուքով և ոգևորվածությամբ: Մարզային գրադարանը հյուրընկալեց մարզի տարբեր համայնքների դպրոցների, մանկապարտեզների շուրջ երեք տասնյակ երեխաների:
Կարևորելով գրադարանի և կրթական հաստատությունների համագործակցությունը՝ մեր գրադարանն անում է ամեն ինչ՝ ներկա սերնդին գրքին և գրականությանը կապելու և մարզի երեխաներին օգտակարն ու գեղեցիկը մատուցելու համար:
Այս ամենից հետո ևս մեկ անգամ համոզվեցինք, որ գրադարանն է այն հիմնական հենասյուներից մեկը, որի վրա պիտի հենվեն սերունդները:
Գրքին, գրադարանին և մեծն Թումանյանին նվիրված ելույթներով հանդես եկան գրեթե բոլոր դասարաններն ու մանկապարտեզները՝ էլ ավելի գեղեցկացնելով այս հիանալի տոնը: Օրվա խորհրդի առթիվ նրանք ստացան նվեր-գրքեր և հետևելով #գիրք_նվիրելը_կենսակերպ նախաձեռնությանը՝ մեր հյուրերը Գրքատոնի առթիվ գրքեր նվիրեցին գրադարանին, ներկայացումը դիտելուց զատ խաղացին արդեն սիրելի դարձած <<Ճիշտ և սխալ>> խաղը, շրջայց կատարեցին գրադարանում, դարձան ընթերցողներ և խոստացան մշտապես այցելել գրադարան:
Այս օրերի ընթացքում մարզային գրադարանի մանկական բաժինն ունեցավ շուրջ 200 նոր ընթերցող: Մեծ ուրախությամբ և վստահաբար կարող ենք նշել, որ գրադարանը դարձել է մեր այցելուների համար ժամանցի հիանալի ու անմոռանալի վայր:
Մեծագույն գանձը՝ լավ գրադարանն է…այո՛, ճիշտ է ասված: Լավը և լավագույնը շատ արագ են դառնում առօրեական, այդ պատճառով մենք ամեն անգամ փորձում ենք ստեղծել անհամեմատելին:
Շնորհակալ ենք բոլորին գրադարանի կողքին լինելու, մեր աշխատանքը գնահատելու և մեր օրը լցնելու համար:
Ապրե՛ք կարդալով, կարդացե՛ք ապրելով: Ահա՛ սա է մեր պատգամը մատաղ սերնդին:































