Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
Հիշենք մեր մեծերինՄեջբերումներ գրքերից

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

«Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհեաշխարհ կտրող քարավանապետ»։

Ավետիք Իսահակյան

ՀՈՆԻ ԿՈՐԻԶԸ

Տարեմուտի երեկոյին

Մայրըս թխեց կարկանդակ,

Մեջը դրավ հոնի կորիզ,

Իբրև բախտի նշանակ:

«Կորիզն,- ասաց, – ում որ ընկնի,

Դովլաթավոր կըդառնա,

ՈՒ՛ր որ գնա, ի՛նչ գործ բռնե,

Փառք ու պատիվ կըստանա»:

Կարկանդակը բաժանեցինք,

Կորիզն ընկավ ինձ բաժին,

Եղբայրներս սրտնեղելով՝

Նախանձեցին իմ բախտին:

«Կույր է բախտը, սուտ չէ ասած»,

Մեծ եղբայրս փնթփընթաց,

«Մի՞թե սա է ամեիս մեջ

Աշխատավոր, բանիմաց…»

Մեկելներն հավանեցին

Մեծ եղբորս ասածին. –

«Իրա՞վ. իրա՛վ, չէր արժանի»,

Միաբերան ձայնեցին…

Մայրըս ասաց. «Խելոք կացեք,

Ահա կգա Նոր-Տարին,

Նա որ տեսնե ձեզ կռվելիս՝

Պարգև չի տալ ոչ մեկին:

Բայց որ տեսնե դուք սիրով եք

Եվ խռով չեք իրանցից,

Այնուհետև ինչ որ ուզեք,

Չի խնայիլ ձեզանից»:

Այս ասելով՝ նա մեզ տըվավ

Տեսակ- տեսակ մրգեղեն,

Չիր ու չամիչ, տանձ ու խնձոր

Եվ զանազան քաղցրեղեն:

Քաղցր կերանք ու քաղցրացաբք

Եվ խնդացինք շատ ու շատ,

Չարազ արինք նուռ, սերկևիլ,

ՈՒնաբ, սալոր, թուզ, փշատ:

«Հոնի կորիզն» այնուհետև

Բոլորովին մոռացանք,

Եվ շատ սիրով իրար գրկած,

Պառկոտեցինք, քնեցանք…

Ղազարոս Աղայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով