Երեքշաբթի, 16 Հուլիսի, 2024
Հետաքրքիր է իմանալՄեջբերումներ գրքերից

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Նամակները բանաստեղծի ներաշխարհի անխարդախ հայելին են, նրա զգացմունքների անմիջական արտահայտությունը։

Ձեզ ենք ներկայացնում Դանիել Վարուժանի նամակը ՝ ուղղված իր սիրելիին՝ Արաքսիին.

«Սիրելի օրիորդ,

Խորհելով, որ դու ճնշման տակ հրաժարել ես ինձմե, ես միշտ կ՛ըսեմ, թե քեզ ընդմիշտ կը սիրեմ, վասնզի սիրտիս վրա ամբողջ տիեզերքը և Աստված ինք չկրնար ճնշել։ Արդ քեզ սիրելս իմ սրտիս գաղտնիքն է այժմ, ոչ ոք իրավունք ունի այլևս ձեռք երկարելու ատոր և քննելու։ Միայն կ՛սեմ քու անձիդ մասին և միշտ ալ ըսեր եմ, որ դու ազատ ես սիրել կամ չսիրել զիս։ Այժմ, որ չես սիրեր, ես քեզ հանդարտ կըձգեմ ընդմիշտ և որևէ կերպով այլևս իրավունք չունիմ հետապնդել քու սերդ ասկե վերջ։ Մնաս բարով. սերը զույգ մը ծաղիկ է, դու քուկդ խամրեցիր, ես իմս կծածկեմ վիհին մեջ սրտիս»։

Վարուժանին ջերմորեն սիրող Արաքսին անպատասխան չի թողնում նրա նամակը և գրում է.

«Ամենասիրելիդ իմ, «Ես չպիտի պախարակեմ» . այս խոսքդ այնքան շանթահարիչ էր, որ չեմ գիտեր ի՛նչ ըլլալս, երբ կարդացի. ա՜խ, հոգիս, գոնե դու գթա ծաղիկի մը, որ արդեն կոտրած է կեսեն։ Խնդրեմ, հարված մ ՛ալ դուք տալով՝ մի՛ գետնամած ընեք զինք, ավելի աղեկ է արմատեն հանեք։ Խնդրեմ, վերջին և առաջին պարտականություն մը ըրած կըլլաք, երբ պզտիկ շիշ մը ըմպելի թույն ղրկեք, որպեսզի հարմար առիթի մը գործածեմ։ Արդեն ես մարդասպան և անձնասպան մ ՛եմ. և լավ է ինձ համար ոճրագործ մը ըլլալս, քան թե ստրուկի պես աղաչել անոնց, որ չարժեր…

Մնամ քուկդ՝ Արաքսի»։

Հուսավառված բանաստեղծն իսկույն պատասխանում է սիրած աղջկան.

«Իմ հզո՛ր և քաղցր Արաքսի

Այսօր նամակդ ստացա։ Եվ համոզվեցի, որ դու չես փոխված և այդպես հեղհեղուկ մտքի տեր մեկը չես։ Նամակդ որքան սիրով զեղուն, այնքան էլ հուսահատական էր։ Չէ՛, սիրելի՛ս պետք չէ վհատիս, ուժեղ բռնե սիրտդ և կամքդ։ Միակ միջոցը սկսած ենք ծրագրել։

Այդ միակ միջոցն է փախուստը։ Համբուրում եմ արցունքոտ աչքերդ, համբուրում եմ սիրտդ, որ ինձի համար համայն տիեզերքին արևն է…

Հաղթանակը մերն է, զինվե ամբողջ ջղերովդ։

Միշտ քուկդ՝

Դ. Վարուժան»

Հաջորդ նամակն առավել քան պերճախոս է և ցույց է տալիս այն անապական, ճշմարիտ ու հավատարիմ սերը, որ տածում է գեղանի օրիորդը բանաստեղծի հանդեպ.

«Իմս Վարուժան,

Ահա սիրույս չափը, զոր կուզեք գիտնալ։ Եթե կարելի ըլլար որևէ մեկ բանով չափել, անմիջապես պիտի կշռեի զայն, բայց քանի որ այդ տեսակ գործնական կամ ավելի ճիշտը՝ արհեստական չափերով չի չափվիր, ես կը չափեմ միայն կյանքիս հետ։ Այո՛, կը սիրեմ ու պիտի սիրեմ՝ ինչ որ ալ ըլլամ կամ սիրելովս պիտի ապրիմ, իսկ եթե չի հաջողիմ ապրիլ, սիրույս համար պիտի զոհվիմ…

Ցտեսություն.

Արաքսի»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով