Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերինՄիջոցառումներ

100 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԵՆ ԾՆՎՈՒՄ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻ

#Պարույր_Սևակ_100

Նա լույս էր վառ ու լույս է արդ,

Ու կմնա միշտ լույս զվարթ…

Վայոց ձորի մարզային գրադարանում մեծ շուքով նշվեց Գեղեցիկի ու Վսեմի, Ազնվության ու Բարու, Նորի ու Մնայունի հանճար մեծն Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը։

Վայոց ձորի մարզային գրադարանի լավագույն ընթերցողների և գրադարանավարների մասնակցությամբ ներկայացվեց Սևակի բազմաշերտ ու բազմագույն ստեղծագործությունները, նրա կարճ, բայց անսահման բեղուն կյանքի ճանապարհը, ցուցադրվեցին Սևակին նվիրված հետաքրքիր տեսանյութեր, հնչեցին նրա խոսքերով գրված գեղեցիկ երաժշտական կատարումներ, ներկաներին իր յուրօրինակ կատարումներով գերեց «Արմենյան» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Մ. Սիմոնյան, իսկ հեղինակ-կատարող Գ. Գրիգորյանը Սևակի խոսքերով իր հեղինակային երգով էլ ավելի սևակյան շունչ հաղորդեց միջոցառմանը։

Սևակ բնագետին, աստղագետին, քիմիկոսին և այլ բնագավառների գիտնականին իր խոսքում բացահայտեց աշխարհագրագետ Ն. Մկրտչյանը, ով նաև «Սևակը Վայոց ձորում» յուրահատուկ ցուցահանդեսը համալրեց Սևակի վայոցձորյան բացառիկ լուսանկարներով։ Խոսքով հանդես եկան նաև Սևակի հետ հանդիպած վայոցձորցի ականատեսներ։

Միջոցառման պատվավոր հյուրերն էին Վայոց ձորի մարզպետ Կ. Միքաելյանը, , փոխմարզպետ Բ. Սողոմոնյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Վ. Թարվերդյանը, ՀՀ ԿԳՄՍ Վայոց ձորի մարզային վարչության պետ Տ. Պոլուդնիցինան, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տ. Կարապետյանը, գրադարանի լավագույն բարեկամ, Հայ-սլավոնական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Ա. Փաշայանը, Եղեգնաձորի համայնքապետարանի, Երկրագիտական թանգարանի, կրթական օջախների ներկայացուցիչներ, Սևակի ստեղծագործություններին սրտակից ու հոգեհարազատ մարդիկ։

Միջոցառմանը ներկայացված էին նաև հետաքրքիր և յուրօրինակ սևակյան ցուցահանդեսներ և անկյուններ՝ «Սևակը Վայոց ձորում», «Ղողանջ անմահության», «Վայոցձորյան ժառանգություն»։

Պարույր Սևակն ապրում է յուրաքանչյուրիս մեջ, մեր միջոցով, քանի դեռ հիշում ու գնահատում ենք, ընկալում ու զգում ենք նրա յուրօրինակ ու անկրկնելի արվեստը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով