Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՄԵՐ ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ…

44 օր, չէ՛, ի՞նչ եմ ասում՝ մի հավերժություն,

Դուք գնացիք՝ մահ իմացյալ անմահություն:

Աչքեր ունեին և չէին տեսնում,ականջներ ունեին և չէին լսում…

Չլսեցին ձեր ձայներն աղաղակող ու չտեսան ձեր վերքերը չսպիացող :

Այս աշունը տխուր եկավ,այս աշունը թախծոտ էր,

Չէ՛, ի՞նչ եմ ասում, մենք էինք տխուր, մենք էինք թախծոտ ,

Մեղավոր չի աշունը, մեր բախտն է մեղավոր:

Աշխարքում այս ամենն ով մոռանա,

Ջուխտ աչքով թո՛ղ քոռանա…

44 օր, մի հավերժություն,մի ողջ սերունդ

Կյանք չտեսած՝ ընկան-ելան՝ անքուն, սոված,

Լուսաբացից մինչ իրիկուն պայքարեցին հանուն կյանքի:

Օ՜, տե՛ր Աստված, ինչքա՜ն կորով, ինչքա՜ն ուժ կար Ձեր բազկերում

Ու մեծ հավատ ձեր սրտերում:

Տերևները ծառից միանգամից, կանաչ

Ու շատ առատ թափվեցին ցած…

Աշու՛ն, այս անգամ որ գաս, աշնան մեղմ զեփյուռ բեր,

Ցողի՛ր նրանց դեռ չծաղկած ու չքաղած շուշանները գլխիկոր։

44 օր, չէ՛, ի՞նչ եմ ասում,115 տարի և ավելի շատ,

Հինավուրց, տոհմիկ մի ազգ, չմեռավ, այլ մահացավ,

Թերթե՛ք պատմության էջերը գրված, դարեր շարունակ

Մեզ բզկտել են, ջնջել անօրեն ու անունը դրել տեղահանություն :

Այս անգամ ի՞նչ էր, ի՞նչ էինք արել, այն, որ ծվարել, քարը հող դարձրել,

Խաչ ենք ընդունել, տառ ու տաղ ստեղծել ու Նարեկ գրել,

Իսկ մեր զինվորին խաղաղ ապրելու ոգով մեծացրել:

Տերևները ծառից միանգամից կանաչ

Ու շատ առատ թափվեցին ցած…

Աշու՛ն, այս անգամ որ գաս հետդ թեկուզ ձմեռվա արևի շող բեր,

Թո՛ղ այդ շողով տաքանան

Սառած, թրջված ու վիրավոր նրանց վերքերը խոր…

44օր, չէ՛, ի՞նչ եմ ասում, մի հավերժություն,

Մի հին ժողովուրդ, որ կյանք էր առել Հայկի սերնդից,

Կռիվ էր տալիս շուն թուրքի դեմ, իսկ ժամանակը իրենն էր անում։

Սա մե՛ր կռիվն էր, սա մե՛ր ցավն էր, որ զոհ գնացին անմեղ տղերքը :

Ինչքան էլ փորձենք կիսել ձեր վիշտը

Անկեղծ եմ ասում, մեկ է չենք կարող,

Ու չենք կարող ձեզ չփնտրել ողջերի մեջ,

Ինչ էլ որ լինի, նորից Դուք մի օր հետ կգաք տղերք…

Երանի նրան, որ ուժ գտավ նորից ծնեց ,

Կյանքը կյանքի դիմաց փոխարինեց,

Ու մեր խաղաղ կյանքի համար միշտ պարտական կմնանք Ձեզ։

Տերևները ծառից միանգամից կանաչ

Ու շատ առատ թափվեցին ցած։

Աշու՛ն, այս անգամ որ գաս,

Հետդ մի քիչ գարնան բյուր արև ու ջերմություն բեր

Էլ թո՛ղ երբեք չլինի գարունա, ձունա արել…

44օր, չէ՛, ի՞նչ եմ ասում, հավերժ մի դար,

Սպասումից ու կարոտից, ուժից ընկած,

Բայց ձեզանով նոր ուժ գտած,

Ձայն բարբառո հանապատի

Աշխարհի կույր լինելուն, մենք հառնեցինք

Հոգիներով ձեր համբարձված,

Հրեշտակներ մեր անկոտրուն, ժպտուն, խնդուն

Ձեզնով ապրող, ձեզնով մեռնող,

Ձեր մեջ երբեք չկոտրվող հա՛յ տեսակով:

Խոնարհաբար ձեզ կհիշենք և կփնտրենք ձեզ երկնքում,

Ու կներեք ձեր չապրած կյանքով ապրող մեզ՝ բոլորիս։

Եվ ցավն այն է, անուններին Ներ գումարած

Ու անուններ, անուններ շարունակ…

Աշու՛ն, այս անգամ որ գաս, հետդ ամառվա մի քիչ բույր բեր:

Տղաները, որ հեռացան, բյուր մը կարոտ ունեն՝ թաղված իրենց սրտում։

Աշու՛ն, տխուր եկար, թե մենք ենք տխուր,

Օ՜, տե՛ր Աստված արդեն չգիտեմ…

Իսկ ու՞ր է տարվա մեր եղանակը, մ՞իթե չի գալու ՙ

Թախտից ենք փախչում , բախտից ու՞ր փախչենք;

Իրավ է ասել վեհափառ հայրը՝ ո՞ր մեղքիս համար:

Ձեր ապրած կյանքը շատ կարճ եղավ,

Ձեր դասերը՝ անավարտ, ձեր գրած նամակները՝ վերջինը, իսկ սերը՝ Հայրենիքին։

Ձեր պատգամը մեզ՝ մի՛շտ պատրաստ,

Մեր խաղաղ կյանքի համար միշտ պարտական կմնանք ձեզ…

Սրտիս խոսքը սա է՝ տղե՛րք, խնդրում եմ՝ չպակասեք…

Հեղինակ՝ գրադարանավար Սոֆյա Ներսիսյան, ներկայացնում են ընթերցողներ Վիկա Բայաթյանը և Ալիկ Մխիթարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով