ՎԱՐՊԵՏԻ ՀՈԳՈՒ ԵՐԳԸ
«… Աղբյուր է Իսահակյանի պոեզիան, որի ակունքները գալիս են ժողովրդի խոր ընդերքից։ Որովհետև պոետը անթիվ երակներով կապված է իր ժողովրդի հետ։ Հայ գրականությունը միջնադարից մինչև Իսահակյան ունեցել է շատ քնարերգուներ` սքանչելի տաղասացներ, … բայց Իսահակյանը, ժառանգելով նրանց ոսկե տավիղը, ավելի բազմակողմանի հնչեցրեց սիրո մոտիվները»։
Ստ. Զորյան
Վայոց ձորի մարզային գրադարանում Գրադարանավարի օրվա շրջանակում տեղի ունեցավ «Վարպետի հոգու երգը» խորագրով գրական- երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։
Միջոցառումն սկսվեց Իսահակյանի «Երգի հրապույրը» արձակ բանաստեղծությամբ։ Ներկայացվեց Վարպետի մեծ ներդրումը հայ երգարվեստում։ Գրադարանավարները և մեր ակտիվ ընթերցողները ընթերցեցին պոետի լավագույն ստեղծագործություններից։
Երաժշտական գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Ատգեն Արմենյան» երգչախմբի սաները` Մարո Սիմոնյանի ղեկավարությամբ։ Հնչեցին «Բինգյոլ», «Ախ իմ ճամփեն», «Գետակի վրա», «Դարդս լացեք», «Քնքուշ լուսնի շուշան փոշին» երգերը։
Դահլիճում թևածում էր վարպետի հոգու երգը։










