ԷՊՈՍԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԵՔ
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Կարդա՛ էպոսը, ճանաչի՛ր հերոսներին, պահպանի՛ր ազգային հիշողությունը» խորագիրը կրող հետաքրքիր ու բովանդակալից միջոցառում։
Վայոց ձորի մարզային գրադարանը սիրով հյուրընկալեց Ագարակաձորի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներին՝ դասղեկ Հ. Ավագյանի ուղեկցությամբ։
Գրադարանավար Ֆ. Գասպարյանի օգնությամբ աշակերտները բացահայտեցին և քննարկեցին հայ ժողովրդի ազգային էպոսը՝ «Սասունցի Դավիթը»։
Հանդիպման ընթացքում խոսվեց էպոսի հերոսների ու նրանց կերպարների, հայրենասիրության, ազատասիրության, արդարության և ժողովրդի ուժի մասին։ Աշակերտներն ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը՝ ներկայացնելով իրենց մտքերն ու տեսակետները։
Հանդիպման ավարտին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հ. Ավագյանը ամփոփեց քննարկումը՝ ևս մեկ անգամ անդրադառնալով էպոսի կարևորագույն արժեքներին և այն պատգամներին, որոնք դարերից դարեր փոխանցվում են սերունդներին։
Վերջում աշակերտներն իրենց հետ տարան Հովհաննես Թումանյանի մշակմամբ «Սասունցի Դավիթ» գիրքը՝ շարունակելու իրենց ընթերցանությունն ու ծանոթությունը հայ ժողովրդի ազգային ժառանգությանը։
Էպոսը պարզապես հին ու գեղեցիկ պատմություն չէ։
Այն մեր ժողովրդի պատմական հիշողությունն է, ազգային արժեքների փոխանցման ճանապարհը և սերունդներին միմյանց կապող կենդանի ժառանգությունը:
Կարդա՛նք, ճանաչե՛նք, քննարկե՛նք և փոխանցե՛նք մեր ազգային արժեքները գալիք սերունդներին։











