ՍՈՍՅԱՑ ԱՆՏԱՌ
Ինչու ցած են կռանում փշատենու ճյուղերը
Մի անգամ Հայոց սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկը իր սիրելի Վահագն աստծուն հանդիպելու համար դուրս եկավ Աստղաբերդից և ճամփա ընկավ դեպի Արմավիր։ Բայց Արարատյան դաշտի ամայի մի վայրով անցնելիս մոլորվեց։ Հենց այդ ժամանակ հեռվից, փոշի հանելով, դեպի աստվածուհին է գալիս ավազակների մի ասպախումբ։ Թշնամու աչքից թաքնվելու համար Աստղիկը մտնում է կողքի փշատենու տակ, որն անմիջապես կռացնում է իր ճյուղերը և ծածկում նրան։
Ասում են, աստվածուհու ցանկությամբ, այդ պահից փշատենու վեր պարզած ճյուղերը ցած են կռանում՝ ստեղծելով ալրային մառախուղի խորհրդավոր պատրանք։ Միաժամանակ հայոց բուրավետ ծառը ամենից շատ սկսում են տնկել բնակավայրերն իրար հետ կապող ճամփեզրին։ Այնպես որ, փշատենին Հայոց աշխարհում նաև անխոս ուղեկցող է։ Փշատենու շարքերը մարդուն տանում են դեպի գյուղ կամ քաղաք։
Մեջբերումը՝ Հայկ Խաչատրյանի «Սոսյաց անտառ» գրքից։