Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Մեջբերումներ գրքերիցՄի կտոր Վայոց ձոր

ՁՄԵՌԱՅԻՆ ՄԱՆՐԱՆԿԱՐ

Սոֆյա Սարգսյան

/ արձակ բանաստեղծություն/

Մի փաթիլ թառեց իմ այրվող շուրթին…

Մի աստղիկ հանգավ շուրթերիս պաղած…

Ամուր փակվեցին դուռ ու պատուհան, նենգ ու չար քամին մտել է դարան, փութով չփակես թե քիթ ու բերան, ձյունը կուրանա ամեն մի սահման: Ձմեռ է, ու ճերմակ բուք է, ականջ հատող սառշունչ մրրիկ: Թե գազազեց ու մոլեգնեց` այն կդառնա ամենկործան թունդ փոթորիկ: Մրսող հոգիդ ցուրտ խոհերով կպարուրվի, ու անցյալդ թել հուշերով քեզ կգգվի: Չար կոռնա համառ բուքը, մինչև վրան կապի քուրքը…

…Այսօր տեղաց ձյունն առաջին: Թխպոտ երկինքն աստղիկներ լացեց, ալեհեր մորուքը փաթիլով թացեց: Ամպը թափ տվեց սպիտակ գանգուրները, օդում շաղ եկան ձյունե ծամերը: Մեղմիկ ու հանդարտ շորորաց ձյունը, նազուկ թրթիռով գրկեց ու շոյեց ծառերի բունը: Մերկասառույցը կածանը ձաղկեց, ապակու վրա ձնծաղիկ ծաղկեց: Մեղմիկ ճռճռաց շափյուղյա ձյունը, ինչպե՜ս էր տանում ծառերի քունը: Սրանց ուսերն էլ շալվեցին ձյունով, նիրհե՛ն թող մեղմիկ նինջով անվրդով: Դաշտեր ու անտառ ճերմակ մուշտակով պարուրվել են պինդ, շա՜տ է ապահով: Եղևնու նազուկ բարակ դնչիկը շոյեց իր քթով երկչոտ շլդիկը: Փաթիլներն անհոգ ծոպավոր ամպի ցուրտ արցունքներն են, ամպի մեգ-աչքից տխուր ցայտելով` աստղիկ են մանում, պչրափայլ շողով պուրակում ցանում: Լուսնի մահիկն էլ երկչո՜տ է անչափ, թե որ թաքնվեց` մութ է, ահ-սարսա՛փ: Փաթիլներն անհոգ շուրջպար են բռնում ու այգաբացին, պաղշուրթ օրվա հետ տխուր համրանում, ցրտի կսմիթից սառույց են դառնում, իսկ հետո արդեն` երկինք են հառնում: Պաղ քիթը շփեց մենավոր կաղնին, ցրտից սրսփաց ծերուկ հացենին, մրսեց-հեծկլտաց լացող ուռենին: Սզնենու բունը սապատը շտկեց, մասրենու թուփն էլ ծաղիկներ պտկեց: Ձյունե ծածկոցը տաքո՜ւկ է այնքան, իսկույն մոռացվեց թե՛ բուք, թե` բորան: Ձյունը մեղմ ծածկեց դուռ ու պատուհան, չթողեց էլ փոս, էլ գետ ու դարան: Ժայռի շրթունքից ծխամորճ կախեց, բարդու կատարը հուլունքով նախշեց, մրսած գետակի կեռացած մեջքը ապահով ծածկեց, քնկոտ անտառի անպաշտպան գլխին հովանոց կապեց: Փաթիլն էլ` կոպին երազ նկարեց, երազի շուրթով այգը բարբառեց, ու միգում խոնավ եղյամը թախծեց, ձյունոտ համբույրով խավարը պղծեց: Փաթիլներն անհոգ, մեղմ ու գլխահակ ծածկում են ամեն փոս ու փոսորակ: Աստղածուպ լինի, թե երիցուկոտ, ձյունե պարսի այս համբույրն է կրքոտ: Փաթիլի ճախրանքը հենց որ վարանում, հիացկոտ ճիչ է շրթիս համրանում: Անփայլ ճեմուղին միգոտ է, թաց է, գորշուկ երկինքը մի քիչ հարբած է: Օդում փաթիլները ցիրուցան քմայքով պարեցին նազպար, ձյունոտ ակորդ է, կախարդա՛նք վարար: Լուսնի փեշից մի ցողիկ վայր ընկավ, աստղափաթիլի շուրթերին հանգավ: Ծերուկ եղևնին թե քիչ կռանար, ձյունը կոնակերպ հրաշք կդառնար: Մարգագետնում այս հետքեր են զատ-զատ, ձմեռվա հոգուն` մոտ ու հարազատ: Եղնիկի հետքը երկչո՜տ է այնպես, ասեղնագործած ժանյակ է ասես: Փութով խոր տպված հետքերն ամեհի փորձում է ծածկել մի թախծոտ գիհի: Եղևնու կոնը շեղ աչքը փակեց, երազում տեսավ մի ծաղկա՜ծ պարտեզ, ճնճղուկն էլ ննջեց, շա՜տ հատիկ տեսավ, ճերմակ քնի մեջ կերավ, կշտացավ: Սոճու խաժ ու մեծ աչքերը թաց են, միգուցե հոգին ավերող լա՞ց է, չէ՛, չէ՛, չար քամուց մշուշպատված է, նեղացկոտ սիրտն էլ մի քիչ դաղված է: Կաղնու փչակում պահուստ կա դարս-դարս, տանտեր սկյուռիկն է փնտրում նորահարս: Առվի կոկորդը ցավո՛ւմ է սաստիկ, սառցե փողկապը շա՜տ-շատ է նեղլիկ, արևի շողքը մի քիչ որ ըմպի, ընկեր կդառնա ամպի ու զամպի, որ շրջեն համայն դաշտեր ու անտառ, սիրով գուրգուրեն ամեն թուփ ու ծառ:

Ձմեռ է, հրաշք… թրթռահույզ պատրանք,

Ձնահյուսքի մեջ` թաքնված շիկնանք,

Մարգարտազօծված անուրջ ու պչրանք,

Նազկտանքով լի սադափյա ցոլանք…

Նկարը՝ Հովհ. Այվազովսկու «Ձմեռային բնապատկեր»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով