ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-110
«Եղեռնազարկ Էլ եղանք, բայց նորեն
Հայերն ապրել են, ապրում են, կապրեն»…
Հովհաննես Շիրազ
Ցեղասպանության 110–րդ տարելիցին ընդառաջ Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը համայն մարդկության պարտավորությունն է և իրավասությունը» խորագրով:
Բանախոսն էր պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՀՀ լրագրողների միության անդամ ՝ Արմեն Կարապետյանը:
Բացման խոսքով ելույթ ունեցավ գրադարանի տնօրեն Ա. Ավագյանը՝ կարևորելով հանդիպման նշանակությունը և հայ ժողովրդի պատմական ցավի առաջ յուրաքանչյուր հայի խոնարհումը։
Բանախոսության թեման հետաքրքրել էր շատերին և դասախոսությունը լսելու էին եկել Վայոց ձորի տարածաշրջանի պետական քոլեջի ուսանողներ, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց -ի պատմության ուսուցիչներ և աշակերտներ, մտավորականներ:
Հետաքրքիր և բովանդակալից բանախոսությունից հետո ծավալվեց բուռն քննարկում , որին մասնակցեցին և իրենց կարծիքը հայտնեցին ներկաներից շատերը:
Գրադարանի սպասարկման բաժինը պատրաստել էր թեմատիկ պաստառներ՝ «Մեր վիշտը օտար գրողների գրչով», «Նահատակ մտավորականներ», և գրքային ցուցահանդես «Հավերժական հայը» խորագրով:
Ցուցադրվեց գրադարանի կողմից պատրաստված տեսանյութ, որի միջոցով բացահայտվեց գրադարանի գրքային հարուստ հավաքածուն՝ նվիրված Հայոց մեծ եղեռնին:














