Հինգշաբթի, 18 Ապրիլի, 2024
Մեջբերումներ գրքերից

ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ե՛վ բիրտ, և՛ գռեհ, և՛ հոռի էր քո

Ոգին՝ դարերի տաժանքից ելած,–

Որպես դարավոր դաշտ սմբակակոխ՝

Բյուր բանակների ոտքերով վարած…

Քո վրա ընկած սերմերն հանճարեղ

Ոչ շող են տեսել, ոչ մայրենի գիրկ.

Քեզ չի՛ գուրգուրել և ո՛չ մի արև,

Եվ ո՛չ մի շողով հորդառատ երկինք։-

Էլ ո՞նց ելնեին հերկերից քո բիրտ

Ազնիվ ցողուններ՝ և՛ նուրբ, և՛ ոսկուն,-

Էլ ո՞նց մերկանար արևոտ մի սիրտ

Բանաստեղծներիդ հանճարեղ խոսքում:-

Որքան էլ վերից փարթամ արևեր

Մի ոսկեայրում, հանճարեղ արև,-

Որքան էլ քո սուրբ ընդերքում տևեր

Բողբոջող բույսի հունտը հանճարեղ,

Միևնույն է, դու, օ, հայրենի հող,

Միայն կոտրած շյո՛ւղ պիտի ծնեիր,-

Եվ միայն ծլից ճմլըված խաղող

Եվ լոկ {բարութ} բերք աշխարհին տայիր…

Էլ ի՞նչ են ուզում քո սուրբ ընդերքից

Հրաշքով ելած զավակներըդ սև,-

Որ օտա՜ր քո սուրբ բերքին ու երգին՝

Ձգտում են դեմքիդ լոկ մրուր քսել…

Որտեղի՞ց են էլ ծնել այդ բոլոր

Զավակներն՝ ստոր կաթով մեծացած,-

Կարելի՞ է այս ցնծության հրով

Անարգել քո հին ոգին {լուսացայտ}:

Կարելի՞ է քո ցավո՜վ ծնանած,

Արյունով սնած հանճարի հանդեպ

Շարժել լոկ խոզի մի մռութ քնած՝

Անցյալի հնձած բերքին անտարբեր…

Կարելի՞ է կուշտ դնչով խռխռալ,

Հաճույքից ճոճել ոտքեր[ը] ճարպոտ,-

Եվ ճարպակալած կոկորդով գոռալ՝

«Կեցցե՛ մեզ կոխող ամե՛ն ստոր ոտ…»:

Շառավիղներիդ քայլերից մոլոր

Որ անգամ այդ նոր հրով՝ լուսացայտ

Ողողված՝ լոկ այն մարմաջն են անում

Իրենց մտքերում և հույզերում խոր-

Թե ինչպես հերքեն թե կաթ, թե ծնունդ,

Թե ինչպես քերեն նշանները մոր՝

Իրենց լրբենի դեմքին մնացած…

Անհուն ցավերով երեկ ծնանած

Որդիները քո՝ գանձերիդ հանդեպ

Շարժում են խոզի մռութ լոկ քնած՝

Անցյալիդ բեղուն բերքին անտարբեր…

Սիրում են նոքա լափել, խռխռալ-

Հաճույքից ճոճել վզները ճարպոտ-

Եվ ճարպակալած կոկորդով գոռալ՝

«Կեցցե՛ մեզ կոխող ամե՛ն օտար ոտք»:-

Ե՛վ բիրտ, և՛ գռեհ, և՛ հոռի է քո

Բերքը քո ցամաք կողերից ծնած,-

Էլ ինչո՞ւ ես դու երկի՛ր իմ դժգոհ

Բիրտ սերունդներից քո կաթով սնած։

Աղբյուրը՝ Չարենց, «Գիրք մնացորդաց», աշխատասիրությամբ Դավիթ Գասպարյանի, Նաիրի, 2012:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով