Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Մեջբերումներ գրքերից

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԳՐՔԱՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Վայոց ձորի մարզային գրադարանում Գրքատոնին ընդառաջ սկսվում է թումանյանական ընթերցումների շարք։

Թումանյանի «Իմ երգը» ներկայացնում է գրադարանավար Քրիստինե Հովսեփյանը։

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ

Ծով բարություն, շընորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,

Սիրտս է առատ, լեն ու ազատ.

Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—

Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,

Աշխարհքով մին՝ ահա էսպես

Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր

Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,

Իր տրվածն եմ տալիս իրեն։

…Արի՛, հոգի՛ս, որ առանց քեզ

Կյանքը դառն է և անձուկ,

Արի՜, արի՛, որ նորոգես

Եվ մեր սերը վաղանցուկ…

Հովհաննես Թումանյան ✍️

Հովհաննես Թումանյանի նամակը Օլգա Թումանյանին՝ ներկայացնում է մանկական բաժնի վարիչ Կարինե Ալեքսանյանը։

Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը»՝ պատմում է փոքրիկ ընթերցող Ալեն Ղազարյանը։

Նշենք նաև, որ մեր փոքրիկ Ալենի մասնակցությամբ տեսանյութը ներկայացրել ենք Մինսկ քաղաքի Կենտրոնական մանկական գրադարանի կողմից անցկացվող Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված «Искусство слова» մրցույթին։

Центральная детская библиотека г.Минска приглашает присоединиться с 23 января по 21 февраля к акции «Искусство слова», посвящённой Международному дню родного языка.

#деньродногоязыка_чтение, #искусство_в_слове

 Заполнить регистрационную карту участника: https://forms.yandex.ru/u/63c94dcfc769f196b2a2b021/

#центральнаядетскаябиблиотека_минск

#цэнтральнаядзіцячаябібліятэка_мінск

#цсдб_минск

Թումանյանի «Շունն ու կատուն»՝ ներկայացնում են գրադարանավարները։

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Ժամանակով Կատուն ճոն էր,

Շունն էլ գըլխին գըդակ չուներ,

Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,

Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,

Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բար’ աջողում, ուստա Փիսո,

Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,

Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:

Վարձիդ համար միամիտ մընա՛,

Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,

Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար

Ուրբաթ օրը համեցեք տար:

Փողի մասին ավելորդ ա,

Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,

Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`

Ուստից առաջ` բաց-բաց կուճին

Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,

Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…

— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,

Շանը տեսավ, բեղի տակին

Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.

— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,

Չես թող անում մի շունչ քաշեն.

Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ

Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,

Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:

Փող եմ տըվել, վախտին կարի,

Թե չէ` ասա, էգուց արի:

Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,

Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,

Քանի, ախպեր, գընամ ու գամ…

Ասավ Քուչին ու նեղացած

Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.

Էս անգամը դիպան իրար.

Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,

Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,

Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:

Շունը մինչև գընաց, եկավ,

Ուստա Կատուն կոտըրն ընկավ,

Գըլուխն առավ ու մի գիշեր

Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ

Շունն էս բանը չի մոռացել,

Մըտքում հըլա դեռ պահում ա,

Որտեղ Կատվին պատահում ա,

Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.

Իսկ սևերես Կատուն հանկարծ

Ետ ա դառնում ու բարկացած

Փըշտացնում ա. մըթամ նոր եմ

Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Թումանյանի «Թեպետև բախտը մեզ շատ հալածեց…» ստեղծագործությունը կարդում են սպասարկման բաժնի վարիչ Վարդ Շահբազյանը և գրադարանավար Ֆեդուրա Գասպարյանը։

Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց

Երկար դարերով, ահեղ հարվածով,

Թեպետև էսպես ցրվեց, տարածեց,

Ձըգեց հողեհող, փըռեց ծովեծով,

Վկա է սակայն բովանդակ երկիր,

Որ մենք կարեվեր ապրում ենք կրկին,

Եվ ուր հասնում է հայի գիրքն ու գիր—

Կենդանի է դեռ հայության ոգին։

Եվ թարմ աղմուկով մանկունք մեր մատաղ

Առաջ են խաղում լուսավոր տենչով,

Եվ թնդում են դեռ հայի երգն ու տաղ

Հարազատ լեզվով, հայրենի շընչով։

Եվ իր փըլատակ տըների տակից

Ելնում է ահա հզոր ժողովուրդ,

Իր վեհ ճակատին տանջանք ու թախիծ,

Խորունկ հայացքում մեծ կյանքի խորհուրդ։

Ո՜վ դուք սրբազան Մասիս, Արագած,

Էդ ձեր երկնամուխ գոհար թագերով,

Եվ որ նրանցից վերև խոյացած

Փայլատակում եք լույս-պըսակներով—

Սահակ ու Մեսրոպ, և շատ պանծալիք,

Որ լըցրիք Հայոց աշխարհքն ու սրտեր

Լուսավոր կյանքի սիրով երջանիկ

Ու ձըգտում տըվիք— ձըգտել դեպի վեր,

Քանի որ դուք կաք, քանի կըմնաք,

Հոյակապ սյուներ հայության ոգու,

Մենք միշտ անսասան առաջ տի գնանք,

Ինչքան մեր ճամբան լինի ահարկու։

Եվ տոն կըտոնենք էսպես խնդագին,

Եվ թող իմանա բովանդակ երկիր―

Ապրում է անմեռ հայությունը հին,

Ապրում են անմահ իրեն գիրքն ու գիր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով