Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
Հետաքրքիր է իմանալՄի կտոր Վայոց ձոր

100-ԱՄՅԱ ԳՐԱԴԱՐԱՆ

Վայոց ձորի մարզային գրադարանը իր ?-ամյա պատմության ընթացքում անցել է զարգացման տարաբնույթ, բայց ուրույն ճանապարհ՝ ապահովելով կրթական բարձր մակարդակ, որակյալ և բարձրակարգ գրադարանավարների կազմ, հարուստ ուսումնական հետաքրքիր ծրագրեր, գիտական ներուժ։

Վայոց ձորում առաջին գրադարանը ստեղծվել է Գլաձորի համալսարանում, որը ժամանակին համարվել է «Երկրորդ Աթենք պանծալի »։ Անցյալում Վայոց ձորում եղած հատուկենտ գրադարաններ գործել են եկեղեցիներում և մատչելի են եղել միայն հոգևոր դասին։

Վայոց ձորի մարզային գրադարանի պատմության սկիզբ է համարվում 1922թ հուլիսը, երբ Եղեգնաձորի շրջկենտրոնում բացվեց խրճիթ-ընթերցարան։ 1925թ խրճիթ-ընթերցարանի բազայի հիման վրա հիմնվեց գրադարան։ ՍՄԿԿ կենտկոմի 1974թ որոշման համաձայն շրջանային, մանկական և գյուղական գրադարանների բազայի հիման վրա 1977թ հունվարից ստեղծվեց ԳԿՀ (Գրադարանների կենտրոնացված համակարգ)։ 1997թ կենտրոնական գրադարանը վերանվանվեց Վայոց ձորի հանրապետական գրադարան, իսկ ՀՀ կառավարության 06.06.2002թ N 886 որոշման համաձայն 2003թ Վայոց ձորի հանրապետական գրադարանը վերակազմավորվեց «Վայոց ձորի մարզային գրադարանի» ՊՈԱԿ-ի։

?-ամյա պատմություն ունեցող Վայոց ձորի մարզային գրադարանի ֆոնդը մինչև 1946 թվականը կազմել է 1700 միավոր։ 1946-1947 թվականներին այն կազմել է 2230 միավոր։ 1947-1954 թվականներին գրադարանային ֆոնդը կազմել է 8980 միավոր, 1947-1976 թվականներին՝ 32000 միավոր, 1997 թվականին՝ 56016 միավոր, 2003 թվականին՝ 55595 միավոր։ 2018 թվականի հուվարի 1-ի դրությամբ, գրադարանն ուներ 65814 պահպանության միավորից բաղկացած հավաքածու, իսկ արդեն 2022 թվականին 64109 միավոր գրքեր, պարբերական մամուլ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային տեղեկատվության միջոցներ։

Մինչև խորհրդային իշխանության հաստատվելը Եղեգնաձորի շրջանում գրադարանների մասին խոսք լինել չէր կարող։ Հատուկենտ գրքեր, որոնք հիմնականում կրոնական բնույթի էին, կենտրոնացված էին եկեղեցիներում, մատչելի էին միայն հոգևորականների համար։ 1922թ Եղեգնաձորի շրջանի մի քանի գյուղերում ի հայտ եկան առաջին խրճիթ -ընթերցարանները, որոնք դարձան ժամանակի կուլտուր-լուսավորչական աշխատանքների ծավալման կարևոր օջախներ։ Սկզբնական շրջանում այդ հիմնարկները չունեին հաստիքային աշխատողներ, տնօրինում էին կոմերիտականները հասարակական հիմունքներով։ 1922թ հուլիսից խրճիթ -ընթերցարան բացվեց նաև շրջկենտրոն Եղեգնաձորում, որի բազայի վրա 1925թ հիմնվեց գրադարան։

Շրջանային գրադարանն ուներ հետևյալ բաժինները՝ կոմպլեկտավորման, ընթերցողների սպասարկման, մանկական, մեթոդա-մատենագիտական, շրջիկ և միասնական ֆոնդերի կազմակերպման և օգտագործման միջգրադարանային աբոնենտի բաժին։

ԳԿՀ-ի ձևավորումից հետո Եղեգնաձորի կենտրոնական գրադարանն ուներ 6 բաժին։

ՄՇԱԿՄԱՆ և ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԻՆ

Մշակման և կոմպլեկտավորման բաժինը ստանում, մշակում, քարտագրում, ապա մասնաճյուղերին էր ուղարկում կոլեկտորից ստացված ողջ գրականությունը։ Բաժինը ղեկավարում էր միավորման ֆոնդերի և գրացուցակների հետ տարվող աշխատանքները, կնքում պայմանագրեր գրադարանային կոլեկտորի հետ և ժամանակին ձեւակերպում պատվերները։

Մշակման և կոմպլեկտավորման բաժինը հանդիսանում էր գրադարանների միավորման ֆունդամենտալ բաժինը։ Նկարում բաժնի աշխատակիցներն են՝ աշխատանքի պահին. բաժնի վարիչ Սվետլաննա Ոսկանյան, ավագ գրադարանավար Արաքսյա Հարությունյան, գրադարանավարներ Սուսաննա Գրիգորյան, Անահիտ Մարտիրոսյան, կազմարար Արմենուհի Կարապետյան։

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ

Սպասարկման և ֆոնդերի պահպանման բաժինը ԳԿՀ-ի կառուցվածքային բաժիններից էր։ Այն կազմակերպում էր ազգաբնակչության շերտավորված սպասարկումը։ Այս բաժինը ուներ գրապահոց, աբոնեմենտ, ընթերցասրահ։ Միջգրադարանային աբոնենտի միջոցով բավարարում էր ընթերցողների պահանջը։ Ամիսը մեկ անգամ կազմակերպում էր նոր ստեղծված գրականության տեսություն և ցուցահանդես։ Հիշարժան օրերի առթիվ կազմակերպում էր հետաքրքիր և բովանդակալից միջոցառումներ։

Նկարում սպասարկման բաժնի վարիչ Ռոզա Ավետիսյանն է՝ աշխատանքի պահին։

ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Մանկական բաժինը սպասարկում էր նախադպրոցական և դպրոցական հասակի մինչև 7-րդ դասարանների աշակերտներին։ Կրտսեր տարիքի երեխաների համար ստեղծված էր թեմատիկ դարակներ։ Հիշարժան տարեթվերին կազմակերպվում էին ցուցահանդեսներ, գրքի տեսություններ, զրույցներ «Գիրքը չուշացնել. նրան սպասում են ձեր ընկերները», «Թռչունները մեր բարեկամներն են » և այլ թեմաներով։ Ամիսը մեկ անգամ կազմակերպվում էր նոր ստացված գրականության ցուցահանդես։ Մանկական բաժինը նաև թատերականացրել է Հայրապետ Հայրապետյանի ստեղծագործություններից «Ցորենատերն ու ջրաղացպանը»։

Նկարում մանկական բաժնի վարիչ Ջեմմա Մարգարյանն է, ավագ գրադարանավար Ռոզա Ղազարյանը և գրադարանավար Գոհարիկ Դանիելյանը՝ աշխատանքի պահին։

ՇՐՋԻԿ ԲԱԺԻՆ

Գրադարանի շրջիկ բաժինը սպասարկել է արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների բանվոր ծառայողներին, մսուր֊մանկապարտեզներին, նկարչական, երաժշտական դպրոցներին։ Աշխատել է ըստ գրաֆիկի՝ ամռանը եղել է յայլաղներում և «Անահիտ» պիոներական ճամբարում։ Վերահսկել և մեթոդական օգնություն է ցույց տվել մասնաճյուղերի շրջիկ կետերում։ Ակտիվորեն մասնակցել է նրանց կազմակերպած միջոցառումներին, ունեցել է 16 շրջիկ կետ։

Նկարում շրջիկ բաժնի աշխատակիցներ են՝ Անահիտ Ստեփանյանը և Գեղանուշ Հարությունյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով