Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Առանց կարգի

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, Ո՛Վ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ


Անկախ հայրենիք ունենալը իրավունք լինելուց զատ նաև պարտականություն է:
Գ. Նժդեհ
Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից է և իր հողի վրա ապրում և նյութական ու հոգևոր արժեքներ է արարում ավելի քան 5000 տարի: Դարեր շարունակ գոյատևելով առանց պետականության, հաճախ տարանջատված և ասպատակվածհայերը իրենց մշակույթի մեջ են տեսել փրկության լույսը, հարատևելու և ազգի շարունակությունը պահպանելու հնարավորությունը: Իր բազմադարյա պատմությամբ հայ ժողովուրդն ապացուցել է, որ հոգեկերտվածքով արվեստի ժողովուրդ է ստեղծագործ մտքով, շնորհալի ձեռքով, գեղեցիկի բնատուր զգացողությամբ: Հայկական լեռնաշխորհում հայերը շարունակաբար ստեղծել են իրենց ինքնատիպ ազգային մշակույթը և կառչել դրանից՝ որպես փրկության խարիսխ:
Անկախ Հայաստանի Հանրապետությունը ծնունդ առավ չափազանց դժվար մի ժամանակտնտեսական ծանրագույն պայմաններում, մեծ զոհողությունների, զրկանքների ու կորուստների գնով: Հայ ժողովուրդը ընտրեց անկախությունը որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի ապագա զարգացման համար լուսավոր ուղի, հավերժ ապրելու իրավունք; Իրավունք, որի մասին սերունդներ էին երազում ու սերունդներ են իրենց ստեղծագործ միտքն ու բազկի ուժը նվիրաբերել այդ երազանքի համար: Պատմության դասերը կոփել են մեր ազգային ինքնագիտակցությունը հույսը երբեք չդնել օտարների ողորմածության վրա, վստահել միայն սեփական ուժերին:
Սակայն անկախության 30 տարիները հայ ժողովրդի համար շատ փորձություններ և աղետներ էին պահելարցախյան առաջին, ապրիլյան 4-օրյա և իհարկե 44-օրյա աղետալի պատերազմները, որոնք չսպիացող վերքեր են բացել մեր սրտերում, ցավ ու մորմոք թողել: Մեր լուսեղեն ու անուշ զավակներն իրենց ծաղիկ հասակը հայրենիքին նվիրաբերեցին և մեր հուշերում մնացին հավերժ երիտասարդ: Եվ հանուն մեր զավակների անմահ հիշատակի հայը պիտի՛ ապրի, և հայ ոգին պետք է անկոտրուն լինի: Հիրավի մեր ժամանակներում ամենից ավելի կարևոր է իմաստավորել արված գործերը, մեր գոյության ու լինելիության խորհուրդն ըմբռնել: Այո՛, ըմբռնել, որ մարդու կոչումն աշխարհում իր արժանապատիվ գործերի կշիռն է: Գործեր, որոնցով ապրում է մարդը իրեն ճանաչողների հիշողության մեջ, գրքեր դառնալով, բառուբանի, պատկերավոր խոսքի միջոցով փոխանցվում են հետագա սերունդներին վերածվելու հավերժորեն ուսանելի դասի ու անվերջ շարունակվող ճանապարհի: Նրանք անցյալի, ներկայի ու ապագայի բնակիչներն են, ովքեր թողել են հետևյալ պատգամը ԿՅԱՆՔՍ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ
ՀՈԳԻՍԱՍՏԾՈՒՆ ՊԱՏԻՎՍ ԻՆՁ
Փա՛ռք մեր անկախ հայրենիքը կերտողներին, նրա համար իրենց լույս կյանքերը նվիրաբերած մեր հայորդիներին ու նրանց ծնած հերոս մայրերին:
Հողից, լեզվից, կրոնից, նյութական ու հոգևոր մշակութային արժեքներից զատ կա նաև մեկ այլ բան, որը ժողովրդի լինելիության հենասյուներից էդա ոգին է: Այդ անբացատրելի, այդ անմեկնելի, դժվար ըմբռնելի, աննյութեղեն թաքուն ուժը, որ օգնում է մեզ հարատևել, որ չգիտես ինչպես, չգիտես որտեղից հայտնվում է անսպասելի, երբ սրվում է ժողովրդի գոյության վտանգը և անկարելին կարելի դարձնելով ապրեցնում է մեզ, երբ թվում է ապրելն այլևս անհնար է: Անկախ հայրենիքի ճակատագիրը կախված է բոլորիցս ու յուրաքանչյուրիցս, պատասխանատու լինելու, պատասխանատվություն ստանձնելու մեր կարողությունից, մեր համերաշխությունից, միասնությունից, միմյանց նկատմամբ մեր բարությունից ու հանդուրժողոկանությունից: Այս մեծ աշխարհում յուրաքանչյուր հայ պետք է իր վարքով, գիտելիքներով ու ամենօրյա աշխատանքով արժանի լինի իր հայրենիքին, այնպես սիրի ու փայփայի Հայաստան նվիրական անունը ու եռագույնի հավերժական փողփողումը, որ ինքը Հայաստանն էլ իր ամենօրյա արթնացումի մեջ զգա նրա ներկայությունը, կարևորի այն իրողությունը, որ հայը իր ոգով ու մտքով առողջ,ուժեղ, բարեկիրթ ու արժանապատիվ ՀՀ քաղաքացի է:
Հավերժ ապրելու իրավունքը մեզ պարտավորեցնում է հանուն արդարության և պատվի ուսումնասիրել պատմության քառուղիներով անցած այն բոլոր գրքերը, որոնք մեզ կտան <<Ապրելու բանաձև>>, <<Պայքարելու իրավունք>>, <<Ոգու փորձություն>> և <<Հավատամք>>:
Շնորհավո՛ր տոնդ, ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով