Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Առանց կարգի

ՆԱՎԱՍԱՐԴ

Օգոստոսի 11-ից սկսվում էր Նավասարդը. այդպես էր կոչվում նաև տարվա առաջին ամիսը: Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել է Նոր տարվա առաջին ամիսը։ Այն կազմված է նավա-նոր և սարդ-տարի բառերից։

Նավասարդը տոնում էին Հայկի տարած հաղթանակի պատվին, այդ պատճառով այն նշում էին մ.թ.ա. 2492 թվականից մինչև XVIII դարի սկիզբ, երբ կաթողիկոս Սիմեոն Երևանցու հրամանով Նոր տարվա սկիզբ պաշտոնապես համարվեց հունվարի 1-ը:

Նավասարդը մեկնարկում էր օգոստոսի 11-ին՝ ժողովրդական խրախճանքով, և շարունակվում էր մինչև սեպտեմբերի 9-ը:

Մեր պապերը նշել են Նավասարդը երգով, պարով ու ավանդական զվարճանքներով: Տոնակտարությունների ժամանակ մեծարում էին հեթանոս աստվածներին, հատկապես՝ Վահագնին, Աստղիկին և Անահիտին: Նավասարդյան տոների շարքում էին նաև մարզական մրցումները՝ Նավասարդյան խաղերը՝ նվիրված Արամազդ աստծուն և խաղողօրհնեքը՝ նվիրված Անահիտ աստվածուհուն:

Կար նաև տոպրակ կախելու սովորությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։

Նավասարդ-Նախրաթողի գլխավոր ուտեստը Կորկոտն է կամ Քաշիկան, որ հատկապես տարածված է Արցախում և Սյունիքում։ Քաշիկա-Կորկոտը պատրաստվում է ամանորյա գիշերը, ճիշտ այն ժամանակ, երբ հին տարին փոխարինվում է նորով: Քաշիկան շերտ առ շերտ դարսված և աղով համեմված ցորեն-ձավարով ու ոչխարի, այծի, տավարի կամ խոզի մսով ուտեստ է, որի գլխավոր սկզբունքը չխառնված լինելն է: Ժողովրդական ընկալմամբ՝ այն չպետք է խառնվեր, որպեսզի գալիք տարին էլ խառնակ չլիներ։ Ազգածին առասպելի վերականգնման օրն էլ 19-րդ դ. վերջին համարվում էր նոր տարվա սկիզբը: Այս է պատճառը, որ այն ներգրավված էր ամանորյա ավանդույթ ունեցող տոների՝ Նավասարդի, Վարդավառի մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով