… ՈՒ ՔԱՐԵՐԻ ՄԻՋԻՑ ՏԱՌԸ ԾԱՂԿԵՑ…
Տոկուն ծնվեց հայը… անպարտ պիտի լիներ, պիտի լիներ զորեղ,
Քանզի բաց ճակատին գրված բախտը սև՜ էր, խելահե՜ղ…
«Պայքար» դաջվեց հուժկու կրծքին ՝ որպես խարան,
ՈՒ ողջ կյանքում շվար ապրեց՝ աչքը դեպի խավար դարան։
Երգեր ուներ պարզ ու զնգուն, որ սգերգի տողեր դարձան,
Եվ իր կենաց- ճանապարհին նոր իմաստ ու երանգ առան։
Հպարտ ծնվեց, մրրիկներում դյուցազնակերպ հերոս դարձավ,
Եղեռն տեսավ, ոճիր ու դավ, արյան ծովում ցավն խենթացավ,
Գիր ու արվեստ, բահ ու բրիչ պաշտող ազգը զինվոր դարձավ,
Շանթով սնվեց, հրով կոփվեց, ու մոլեգնեց, ու կարծրացավ։
Շա՜տ էր մատղաշ, շյուղ չտված՝ միշտ հալածվեց օտարներից,
Աչքը դեպ ետ՝ կարո՜տ մնաց իր աղվորիկ տուն ու տեղից,
ՈՒ սփռվեց ողջ աշխարհով հայը՝ խոհեմ, խոսքը՝ ճարտա՛ր,
Համայն աշխարհն ի տես եղավ հայի ջարդին պիղծ, անարդար։
Շուրթին՝ աղոթք, ճամփան՝ մոլոր, օտար ափում խարիսխ ձգեց,
Արցունքները լուռ կուլ տալով՝ իր «Հորովե՜լը» նորոգեց,
Որ հայ մնա՝ ուր էլ լինի, որ իր շինած ՏՈՒ՜ՆԸ դառնա,
Որ օջախը նորեն ծխա, նորից թնդա դհոլ-զուռնա։
ՈՒ հանճարներ ծնած ազգը կանգուն մնաց՝ Մաշտո՜ց ուներ,
Գիր, մագաղաթ, հերոսական մեծ պատմություն, արվե՜ստ ուներ,
Որ ուժ տվին ու կռեցին հայ տեսակի բախտի ճամփան,
Հայոց ոսկե տառերը սուրբ մի բուռ ազգի փրկիչ դարձան։
ՈՒ արցունքի միջից հայը ժպտաց,
ՈՒ քարերի միջից տառը ծաղկեց,
ՈՒ լուռ խաչքարերը խոսեցին մեկեն,
ՈՒ երգը դարձավ ապրեցնող նշխար,
Իմաստուն ազգն իմ գոյատևեց…
