ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՅՐԻԿԸ
#մանկապատանեկանգրքիևերաժշտությանշաբաթ
Եղեգնաձորի առաջին դպրոցի երկրորդ դասարանի աշակերտները՝ ուսուցչուհի Մ. Մխիթարյանի ուղեկցությամբ, այցելել էին գրադարան՝ մասնակցելու մայրիկներին նվիրված ջերմ ու հուզիչ միջոցառմանը։
Օրը սկսվեց մայրիկներին ուղղված սիրառատ շնորհավորանքներով․ երեխաները իրենց անկեղծ խոսքերով ու ժպիտներով լցրեցին միջավայրը ջերմությամբ ու սիրով։
Այդ գեղեցիկ առիթով կազմակերպվել էր «Աշխարհի ամենալավ մայրիկը» գրքի հետաքրքիր և բովանդակալից քննարկում։ Փոքրիկները մեծ սիրով կիսվում էին իրենց մտքերով, զգացմունքներով ու պատկերացումներով՝ բացահայտելով մայրական սիրո անսահմանությունը ։
Քննարկման ընթացքում սրտիկների օգնությամբ նրանք փորձեցին գտնել սիրո գույնը՝ յուրաքանչյուրն այն պատկերացնելով յուրովի՝ լուսավոր, ջերմ ու պայծառ։ Իսկ ամենահետաքրքիր պահերից մեկը «սիրո չափիչով» մայրիկի սիրո չափը որոշելու խաղն էր, որի ընթացքում պարզ դարձավ, որ մայրիկի սերը չափ չունի՝ այն անսահման է ։
Երեխաները նաև «չափեցին» մայրիկի գրկախառնությունը՝ համոզվելով, որ դա աշխարհի ամենաջերմ և ամենապաշտպան գրկախառնությունն է։
Միջոցառումը վերածվեց իսկական տոնի՝ լի անկեղծ ժպիտով, գրկախառնությամբ ու մայրիկներին նվիրված գեղեցիկ խոսքերով։















