ՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐԻՆ ԳԱՐՈՒՆ ԲԱԺԱՆԵՄ
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ վաստակաշատ վայոցձորցի գրող Սոֆյա Սարգսյանի գրքի շնորհանդեսը:
Մեզ՝ վայոցձորցիներիս համար անչափ հաճելի էր, որ «Համր ճիչ» գրքի անդրանիկ շնորհանդեսը կայացավ հենց Վայոց ձորում՝ գրողի ծննդավայրում:
Սա ոչ միայն գրական իրադարձություն էր, այլև հայրենիքի ու գրողի հոգևոր կապի վկայություն:
Ներկաներին ողջունեց գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը՝ իր խոսքն սկսելով Սոֆյա Սարգսյանի՝ Վայոց ձորի մարզային գրադարանին նվիրված հրաշալի բանաստեղծությամբ՝ «Խոսք հարատևման»:
Անչափ գեղեցիկ և բազմաբովանդակ գրախոսականով հանդես եկավ վաստակաշատ արձակագիր, խմբագիր Նվարդ Ալեքսանյանը, բացահայտելով «Համր ճիչ» ստեղծագործության նուրբ և հուզումնառատ կողմերը:
Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց գրքի խմբագիր, «Հայաստան հրատարակչության» տնօրեն, ճանաչված գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանի տեսաձայնային խոսքը:
Հրաշալի ընթերցումների միջոցով բացահայտվեց գրքի խորհուրդը և այն պատգամը, որը գրողը փորձում էր փոխանցել ընթերցողին :
Բառերը ներթափանցում էին ներկաների սրտերը, արթացնում խուլ զգացումներ և երկար ապրեցնող մտորումներ:
Միջոցառումը հագեցած էր զգացմունքային լռությամբ, որտեղ բառերն էին խոսում ամենաուժեղ ձայնով:
Անզուգական երաժշտական կատարումներով միջոցառումն ավելի գեղեցկացրեց Աննա Աղաբեկյանը:
Հրաշալի անակնկալով հանդես եկան Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները (դասվար՝ Շ. Պողոսյան) ներկայացնելով Սոֆյա Սարգսյանի «Տառահանդես» շարքը:
Հյուրերը հնարավորություն ունեցան հեղինակին ուղղել իրենց հարցերը և կիսվել անմոռանալի տպավորություններով:
Սոֆյա Սարգսյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, այն գաղափարներն ու ապրումները, որոնք դարձել են այս հուզիչ ստեղծագործության հիմքը:
Շնորհանդեսը դարձավ գրական գեղեցիկ տոնի մասնիկ՝ ընդգծելով ժամանակակից հայ գրականության նոր շունչը և Սոֆյա Սարգսյանի ստեղծագործության բարձր թռիչքը :
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, համայնքի կրթական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև գրականությունը սիրող բազմաթիվ ստեղծագործողներ:






































