ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ
«Պարտքի և պատվի ասպետը»
#ԳրիգորԶոհրապ — 165
Եղեգնաձորի վարժարանի 9-րդ դասարանի աշակերտների և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վ. Մուրադյանի հետ նշեցինք հայ դասական գրականության ամենավառ անհատականություններից մեկի՝ նովելի անզուգական վարպետ, հասարակական-քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապի ծննդյան 165-ամյակը։
«Պարտքի և պատվի ասպետը» խորագիրը կրող գրական քննարկման ընթացքում անդրադարձանք Զոհրապի անցած ուղուն, նրա անկոտրում սկզբունքներին, քաղաքացիական դիրքորոշմանը և մարդկային բարձր արժեքներին, որոնք առանձնահատուկ ուժով արտացոլված են նրա ստեղծագործություններում։
Հանդիպման առանցքում Զոհրապի լավագույն և ամենատպավորիչ գործերից մեկն էր՝ «Զաբուղոն» նովելը։ Աշակերտների հետ վերլուծեցինք ստեղծագործության սիրո, հավատարմության, ընտրության և հոգեբանական դրամայի նուրբ շերտերը, բացահայտեցինք հերոսների ներաշխարհն ու նրանց վարքագծի շարժառիթները։
Ընթերցողները կիսվեցին իրենց մտքերով ու տպավորություններով, զուգահեռներ անցկացրին անցյալի և ներկայի միջև՝ ևս մեկ անգամ համոզվելով, որ Զոհրապի գրականությունը ժամանակից դուրս է և շարունակում է խոսել նաև մեր օրերի մարդու հետ։
Հանդիպմանը հաջորդեց նաև հաճելի ու անակնկալ այց։ Գրադարանում էին Եղեգնաձորի համայնքապետարանի համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Ավագյանը և Գ. Դովլաթյանը, ովքեր եկել էին շնորհավորելու գրադարանավարների մասնագիտական տոնի առթիվ։
Շնորհակալության և գնահատանքի գեղեցիկ դրսևորում էր նաև այն, որ գրադարանավար Լ. Հակոբյանը պարգևատրվեց Շնորհակալագրով, իսկ գրադարանին նվիրաբերվեցին նոր գրքեր՝ համալրելով ընթերցասերների համար նախատեսված գրական ֆոնդը։
Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները մեզ հիշեցնում են՝ գրականությունը ոչ միայն պատմում է մարդու մասին, այլև օգնում է ճանաչել ինքներս մեզ։



