Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Մի կտոր Վայոց ձոր

ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Վայոց Ձորի մարզում է գտնվում Հայաստանի ամենահայտնի քարանձավներից մեկը՝ Թռչունների քարանձավը (ավելի շատ հայտնի ինչպես Արենի քարանձավ)։ Քարանձավը գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա, Արենի գետի ձախ ափին։

Ի տարբերություն Մագելի քարանձավի, Թռչունների քարանձավն ավելի հեշտ է ուսումնասիրվում։ Քարանձավն իրենից ներկայացնում է իրար միացած փոքր քարայրների համալիր։ Բաղկացած է 3 սրահներից և ունի մոտ 500 մ² մակերես։ Թռչունների քարանձավի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ։

2008 թվականի սեպտեմբերին Թռչունների քարանձավում իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերեցին աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը։ Այն հայտնաբերած հնագիտական թիմի ղեկավարը՝ Իռլանդիայի Քորք համալսարանի հնագետ Րոն Փինհասին, համարում է, որ կոշիկի մեջ հայտնաբերված խոտը խցկել են, որպեսզի ոտնամանը պահպանի իր ձեւը։

Ավելի ուշ, պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվեցին էնեոլիթյան դարաշրջանի գինեգործության վկայություններ։ Կատարած հետազոտությունների արդյունքում գտել են չորացած խաղող, ամանեղեն, հագուստ, կանացի գանգեր և այլն։ Թռչունների քարանձավը համարվում է աշխարհում գինու առաջին արտադրամասը։

Ինչպես և Մագելի քարանձավի համար, Թռչունների քարանձավի հիմնական վտանգը մարդու ակտիվ գործունեությունն է։ Այցելուները մեծ վնաս են հասցրել՝ քարայրի ներսում պատերին նկարելով և կոտրելով կամ իրենց հետ տանելով հատվածներ քարե աշխատանքներից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով