ՎԱՅՈՑ ՁՈՐՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ Է
Վայոց ձորի մարզային գրադարանում կայացավ «Վայոց ձորն ընթերցում է» խորագիրը կրող գեղեցիկ ու ջերմ միջոցառում, որը մեկ հարկի տակ էր համախմբել գրքի, ընթերցանության և մշակույթի սիրահարներին:
Միջոցառման նպատակը ընթերցանության հանրահռչակումն էր, գրքի նկատմամբ սիրո խթանումը և տարբեր սերունդների միջև գրական կամուրջների ստեղծումը:
Միջոցառման պատվավոր հյուրը վաստակաշատ մանկավարժ Արփիկ Սահակյանն էր, ով ոչ միայն իր խոսքով ու ընթերցմամբ ջերմություն հաղորդեց օրվան, այլև փոքրիկների համար անցկացրեց հետաքրքիր և ուսուցողական դաս:
Նա եռանդով անդրադարձավ ընթերցանության ընթացքում կարևորագույն կետադրական նշաններին, բացատրեց դրանց ճիշտ կիրառության նշանակությունը, ինչպես նաև ընդգծեց գրքի ու ընթերցանության անփոխարինելի դերը մարդու ձևավորման ու զարգացման գործում:
Հրավիրված հյուր էր դասվար Հասմիկ Բաբայանը՝ իր երկրորդ դասարանի աշակերտների հետ:
Փոքրիկներն իրենց գեղեցիկ ընթերցումներով և երաժշտական կատարումներով ստեղծեցին գարնանային ու լուսավոր տրամադրություն՝ ներկաներին փոխանցելով գրքի հանդեպ անկեղծ սեր:
Օրվա կարևոր և խորհրդանշական պահերից էր նաև վայոցձորցի ստեղծագործող, գրող Սոֆյա Սարգսյանի ներկայությունը:
Նրա մասնակցությունը միջոցառմանը առանձնահատուկ նշանակություն ուներ՝ հարստացնելով այն իր ստեղծագործական խոսքով
Նա ընթերցեց իր նոր՝ «Գարուն» բանաստեղծությունը և այն նվիրեց դասարանին՝ դարձնելով օրը առավել հիշարժան և արժեքավոր:
Միջոցառման մյուս նշանակալից պահերից մեկն էլ ընթերցանության մարտահրավերի փոխանցումն էր:
Արփիկ Սահակյանը մարտահրավեր նետեց մեկ ուրիշ տաղանդաշատ վայոցձորցու՝ Սոնա Մարգարյանին, ով սիրով ստանձնեց հաջորդ միջոցառման կազմակերպումը՝ շարունակելով ընթերցանության շղթան:
«Վայոց ձորն ընթերցում է» նախաձեռնությունը դարձավ ևս մեկ գեղեցիկ առիթ՝ վերագտնելու գրքի ուժը, ընթերցանության հաճույքն ու մշակութային համախմբվածության արժեքը:
Թող յուրաքանչյուր ընթերցված գիրք դառնա նոր մտածողության, նոր երազանքի և նոր ճանապարհի սկիզբ:











