Ուրբաթ, 23 Հոկտեմբերի, 2026
Կրթական ծրագիրՄիջոցառումներ

ԻՄԱՍՏՈՒՆ ԷՋԱՆՇԱՆՆԵՐ

«Իմաստուն էջանշանները»․ հեքիաթի ժամ՝ նվիրված ոչ նյութական մշակութային ժառանգությանը

Վայոց ձորի մարզային գրադարանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու արժևորմանն ուղղված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ հեքիաթի ժամ՝ «Իմաստուն էջանշանները» խորագրով։

Միջոցառման հյուրերն էին Աղավնաձորի դպրոցի աշակերտները՝ իրենց հոգատար, բարեհամբույր և սիրալիր ուսուցչի` Ռուզան Բաբայանի ուղեկցությամբ։

Հեքիաթային ու ջերմ մթնոլորտում ընկեր Լիլիթը՝ հեքիաթասաց մորաքույրը, երեխաներին տարավ իմաստության ու բարության աշխարհ՝ ներկայացնելով մի գեղեցիկ հեքիաթ՝ համեմված խելացի առակներով և իմաստուն ասացվածքներով։

Հեքիաթի յուրաքանչյուր դրվագ երեխաներին հուշում էր, որ բարությունը, ազնվությունը, խելամտությունն ու հոգատարությունը մարդկային ամենաթանկ արժեքներից են։

Հանդիպման ավարտին գրադարանի կողմից պատրաստված էջանշանները դարձան երեխաների համար հաճելի ու խորհրդանշական նվերներ։ Յուրաքանչյուր էջանշան իր մեջ կրում էր իմաստուն միտք՝ հիշեցնելով, որ գիրքը ոչ միայն գիտելիքի աղբյուր է, այլև կյանքի լավագույն ուղեկիցը, իսկ ժողովրդական իմաստությունն ու բանավոր ավանդույթները մեր մշակութային ժառանգության անբաժանելի մասն են։

Այսպիսի հանդիպումները երեխաների մեջ սեր են արթնացնում գրքի ու ընթերցանության հանդեպ, օգնում ճանաչել ու արժևորել մեր ազգային մշակույթը և սերնդեսերունդ փոխանցել դարերով պահպանված իմաստությունը։

Շնորհակալություն մեր փոքրիկ հյուրերին, նրանց սիրելի ուսուցչին՝ ջերմ ու անմիջական մասնակցության համար։ Թող իմաստուն էջանշանները միշտ ուղեկցեն նրանց գրքի հրաշալի աշխարհում՝ յուրաքանչյուր ընթերցանություն դարձնելով նոր բացահայտում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով