ԷՈՒԹՅԱՆ ՊՈԵՏԸ
Դեկտեմբերի 11-ին Վայոց ձորի մարզային գրադարանը մեծ սիրով և հպարտությամբ հյուրընկալեց մեր հայրենակցին՝ տաղանդաշատ բանաստեղծուհի Թերեզա Հայրապետյանին։
Ծնունդով Արփի գյուղից, իր արմատներին հավատարիմ ու իր մաքուր հողից ուժ առած հեղինակը ստեղծում է անկրկնելի պոեզիա, որտեղ մարդն ու բնությունը ապրում են նրբահյուս ներդաշնակությամբ։
Թերեզա Հայրապետյանն արվեստի մեջ ներկայանում է այն կերպով, ինչպես նրան բնութագրել են ուսուցիչները, ընկերները և գործընկերները՝ «էության պոետ», «քարեգիր քրմուհի», ով իր ներաշխարհը կարողանում է վերածել աղոթքի, լռության ու լույսի լեզվի։ Նրա յուրաքանչյուր տողը գալիս է սրտից՝ հասցնելով ընթերցողին սեփական ներաշխարհ։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հեղինակի բանաստեղծությունները, որոնք արտահայտում են․
• անկեղծություն, որը պոեզիայի գլխավոր պայմանն է
• կարոտի և սպասման նուրբ շունչ,
• սիրո բերկրանք ու ցավ
• դասական քնարականության լույս ու կնոջ ուժ
• հայրենի հողի, զինվորի ու նրա մոր նկատմամբ ունեցած անվերապահ նվիրում ու խոստովանություն։
Հատուկ ընտրված երաժշտական կատարումները՝ Ջիվանու անվան աշուղական դպրոցի Եղեգնաձորի մասնաճյուղի ղեկավար Սամվել Գրիգորյանի, Նորայր Գալստյանի և Անահիտ Մովսիսյանի կատարմամբ, բացահայտեցին բանաստեղծուհու ստեղծագործությունների մեղմ երաժշտականությունը և ներքին խորքը։
Հանդիպմանը հնչեցին նաև Թերեզա Հայրապետյանի խոսքերով գրված երգեր, ինչպես նաև Կոմիտասի «Հորովել» -ը՝ միջոցառմանը հաղորդելով ազգային ու հոգևոր խորություն։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Թերեզա Հայրապետյանին՝ այցելության, համար։
Շնորհակալ ենք նաև բոլոր մասնակիցներին՝ գրականության նկատմամբ իրենց ջերմ վերաբերմունքի համար։
Վայոց ձորի մարզային գրադարանը շարունակում է լինել այն վայրը, որտեղ գրականությունն ու մշակույթը միավորում են մարդկանց։




















