Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Մի կտոր Վայոց ձոր

ՀՐԱՇԱԳՈՐԾ ՋՈՒՐԸ

Վաղուց, երբ Վայոց ձորում խիտ եղեգնուտներ էին աճում, իսկ արագահոս, արծաթափայլ Արփայի կոհակների վրա ջրահարսները պար էին բռնում իրիկնամուտին, Մարտիրոսի մեծատոհմիկ և մեծահարուստ իշխանի միակ դուստր չքնաղ Ասպրամը ծանր հիվանդանում է։ Հուսահատ իշխանը գործի է դնում իր ողջ իշխանությունն ու հարստությունը՝ սիրելի դստեր կյանքը փրկելու համար, բայց ոչ մեկին չի հաջողվում փոքր-ինչ բարելավել նազուկ օրիորդի առողջական վիճակը։… Օր-օրի դալկանում էր գեղեցկուհու քնքուշ մարմինը, խամրում սևաթույր աչքերի փայլը…Այս լուրը հասնում է իմաստուն ռամիկ Մենակավին, և նա վճռում է օգտակար լինել գեղեցկատես իշխանադստերը։ Մենալավը իշխանին ասում է._Վայոց ձորից վեր, Արփա գետի վճիտ ակունքների հարևանությամբ, թավուտ անտառներով ու բարձրանիստ լեռներով շրջապատված մի սարավանդ կա, որի ընդերքից կենարար տաք ջրի աղբյուրներ են բխում։ Իշխանադստեր միակ փրկությունը ըմպելահաճ այդ ջրերում լոգանք ընդունելն է։Աշխարհ տեսած ու բանիմաց մարդ էր Մենալավը։ Եվ իշխանադստեր հիվանդությամբ տառապած շատերին էր ապաքինել՝ բնության պարգևած հանքային տաք ջրերի զորությամբ…Եվ հրաշքը չի ուշանում։ Երկու շաբաթ անց՝ իշխանադուստրը, որ ամիսներ շարունակ գամված էր անկողնուն, զբոսանքի է ելնում՝ հիանալու ջերմուկների բարձրանա սարավանդի իրիկնային համայնքներով ու վայելելու դրախտային թավուտների բուրմունքները։… Իշխանադուստր Ասպրամը վերստին դառնում է առույգ ու աշխույժ։ Հայր իշխանն էլ մեծամեծ նվերներ է կամենում պարգևել ռամիկ Մենակավին։ Մենալավը ասում է.-Քո ամենալավ հատուցումը, բարերա՛ր իշխան, կլինի այն, որ ջերմուկների ակունքների վրա հարմարություններ ստեղծես, ապաքինման կարոտ մարդիկ գան այստեղ, վայելեն հայրենի բնության բարեգթությունն ու օրհնեն քեզ։Հայր իշխանը կատարում է իմաստուն ռամիկի խորախորհուրդ ցանկությունը…

***

Լեգենդ չէ սա և ոչ էլ հեքիաթ՝ հյուսված և դրվագված ժայռերի ծերպերին։ Լեգենդ չէ սա, քանզի այսօր էլ կան այս դարավոր բարձրաբերձ ու վեհատեսիլ ժայռերը, իսկ ստորոտում՝ իսկապես գողտրիկ մի գոգահովիտ, որտեղից բխում է բնական ամոքիչ հրաշքը՝ բուժիչ տաք ջուրը՝ առողջություն պարգևելով մարմնով տկար մարդկանց։ Վահրամ ՀակոբյանՆյութը վերցված է «Գրական Վայոց ձոր» գիրքից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով