ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ
Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին,
ապաքինում է նրանց վիրավոր, քայքայված նյարդներն ու հոգիները…
Ռազմիկ Դավոյան
ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ
Ես չեմ կարող չհավատալ
Կռունկների վերադարձին,
Երբ արթնացող առվակն արդեն
«Բարի գալուստ», «Բարի լույս» է ասում դաղձին…
Երբ պատրաստ է հողը՝ լալու,
մայրանալու…
Եվ քունն առած ծծկեր մի ծիլ
նայում է իր թավշյա խոնավ
խանձարարուրից…
Ես չեմ կարող չհավատալ
Այն զինվորի սուրբ երդումին,
Որ կուրծքը դրել խրամատ
խոնավ թմբին,
ծիծաղում է մահի վրա…
Ես չեմ կարող չհավատալ
Արյան գույնին իմ երակի…
Ես չեմ կարող չհավատալ
Այն գրերին,
Որ խոսում են երկինքն ի վեր
սուրբ քարերից ավերակի,
մեր պատմությունն արթնացնում,
մարդ են դարձնում մեզ եռակի…
Ես չեմ կարող չհավատալ
Մեր հինավուրց հայրենների
թափառական համ ու հոտին…
Որ դարերի մշուշներից
խառնվել են մեր երազին…
Ես չեմ կարող չհավատալ
Այն ավանդին,
որ ամեն օր նորանալով
ծաղկում է մեր շուրթի վրա,
մեր սրտի մեջ…
Եվ վերջապես ես չեմ կարող
չհավատալ իմ հավատին,
որ մարդկության հավատն է մեծ…
